Home / Հայաստան / Վրաստանը Հայաստանից ու Ադրբեջանից վտանգավոր է

Վրաստանը Հայաստանից ու Ադրբեջանից վտանգավոր է

Հայաստանն ու Ադրբեջանը ահաբեկչության վտանգի տեսակետից ցածր վտանգ ներկայացնող երկրների շարքում են, ընդ որում` Հայաստանը ցուցիչով ունի 100 միավոր, իսկ Ադրբեջանը` 93: Իսկ ահա Վրաստանը հայտնվել է միջին վտանգ ներկայացնողների շարքում: Այս մասին ասված է «Մափլքրոֆթ» վերլուծական քաղաքագիտական կենտրոնի` այսօր հրապարակած ահաբեկչության վտանգավորության ցուցիչում, համաձայն որի մոլորակի 197 երկրները և տարածքները դասվել են երեք կատեգորիաների` ծայրահեղ, միջին և ցածր վտանգավորության:

Ուկրաինայում, Ուզբեկստանում, Մոլդովայում, Բելառուսում ցածր վտանգավորության աստիճան է, իսկ Ռուսաստանը հայտնվել է ծայրահեղ վտանգավորության առաջին 20 երկրների ցանկում: Այստեղ է դասվել նաև Իրանը:

Առավել ռիսկային են Սոմալին, Պակիստանը, Իրաքը, Աֆղանստանը, Եմենը` երկրներ, որտեղ կամ այս պահին է պատերազմ ընթանում, կամ այն վերջերս է ավարտվել, որտեղ կենտրոնական իշխանություններն ու դրանց ուժային կառույցները` բանակը, ոստիկանությունը, դատարանները չեն հսկում իրավիճակը, որտեղ ամբողջ տարածքում կամ տարածքների մի մասում անիշխանություն է և քաոս:

2011 թվականի ցուցիչը կազմելիս կենտրոնի փորձագետներն ամփոփել են անցյալ տարվա ապրիլի 1-ից մինչև այս տարվա ապրիլի 1-ը 197 երկրներում և տարածքներում տեղի ունեցած զարգացումները: Փորձագետները հաշվի են առնում տարբեր գործոններ` տվյալ երկրի աշխարհագրական դիրքը, ահաբեկչությունների պատմությունն անցած հինգ տարվա կտրվածքով, քաղաքական իրավիճակը և այլն:

«Մափլքրոֆթ»-ի վերլուծության համաձայն` ահաբեկչության վտանգը ամբողջ աշխարհում 15 տոկոսով աճել է. 2010 թվականի ապրիլից մինչև 2011-ի ապրիլ արձանագրվել է 11 հազար 954 գրոհ, մինչդեռ 2009-2010 թվականների նույն ժամանակաշրջանում տեղի է ունեցել 10 հազար 394 գրոհ: Միաժամանակ, փորձագետները նշել են, որ չնայած գրոհների թվի աճին` զոհերի թիվը գրեթե հազարով իջել է ` 2009-2010 թվականների նշված ժամանակամիջոցում զոհվել է 14 հազար 478 մարդ, իսկ 2010-2011 թվականներին` 13 հազար 492 մարդ: