Home / Հայաստան / Քաղաքապետարանը կրպակատերերին առաջարկում է սպասել գրավոր պատասխանի

Քաղաքապետարանը կրպակատերերին առաջարկում է սպասել գրավոր պատասխանի

Այսօր Երևանի տարբեր հատվածների կրպակատերեր բողոքի ակցիա անցկացրեցին քաղաքապետարանի մոտ` բողոքելով կրպակները քանդելու որոշման դեմ: Կրպակատերերին չի հաջողվել զրուցել առևտրի և սպասարկման վարչության պետի հետ, քանի որ ա ընդունարանից հաղորդեցին, որ նա տեղում չէ: Փոխարենը` կրպակատերերից մի կին զրուցել է տեսուչ ներկայացած Հովիկ Ղալեչյանի հետ, ով իրեն խորհուրդ է տվել այդ հարցով դիմել թաղապետարան:

«Ես բացատրում եմ, որ հրահանգ, կարգադրություն կա ապամոնտաժման, իսկ նա ասում է` դուք գործ ունեք թաղապետարանի հետ, քանի որ թաղապետին կարգադրված է, որ նախապես գրավոր ձեզ բոլորիդ տեղեկացնի` երբ, ինչի համար և ինչքան ժամանակում են ձեր կրպակներն ապամոնտաժում, դիմեք այնտեղ, թող հիմնավորեն», – Epress.am-ի հետ զրույցում պատմել է կինը:

Նրա խոսքով` Ղալեչյանն իրեն է փոխանցել տեսուչի պատասխանը, որի համաձայն` կրպակատերերը պետք է մնան իրենց տեղերում այնքան, մինչև չստանան հիմնավոր պատճառաբանություն և ժամկետների մասին գրավոր պատասխան:

Առևտրականները որոշել են երկուշաբթի` ժամը 9-ին, կրկին հավաքվել քաղաքապետանի մոտ և փորձել զրուցել պետի հետ: Նշենք, որ այդ օրը իրենց են միանալու նաև մանրավաճառները, ովքեր սկսած հունվարից պայքարում են բացօթյա առևտուրն արգելող քաղաքապետարանի որոշման դեմ:

Նշենք, որ այսօր կրպակատերերի մի խումբ էլ նույն հարցով այցելել է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակ, որտեղ հանդիպել է Կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանի և Գագիկ Ջհանգիրյանի հետ:

Ինչպես Epress.am-ին տեղեկացրել է Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը, հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ երեքշաբթի օրը` ժամը 11-ին, Կոնգրեսի իրավական պաշտպանության կենտրոնի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը կընդունի կրպակավարներին և մանր բիզնեսի տարբեր խմբերի ներակայացուցիչներին` քննարկելու համար Կոնգրեսի կողմից տրվելիք իրավական աջակցության հարցը: