Home / Հայաստան / «Արմենիա» առագաստանավը հասավ Բեյրութ

«Արմենիա» առագաստանավը հասավ Բեյրութ

Օգոստոսի 6-ին Բեյրութի Մարինա նավահանգստում տեղի ունեցավ «Արմենիա» առագաստանավի դիմավորման հանդիսավոր արարողությունը: Պաշտոնական միջոցառման ժամանակ Լիբանանի և Հայաստանի օրհներգներից հետո ողջույնի խոսքով հանդես եկան Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Լիբանանի առաջնորդ արքեպիսկոպոս Գեղամ Խաչերյանն ու Բեյրութ քաղաքի քաղաքապետ Բիլալ Համմադի ներկայացուցիչ Արամ Մալյանը:

«Արմենիա» առագաստանավի արշավախմբին դիմավորում էին հոգևոր հայրեր, Լիբանանի կառավարության և խորհրդարանի անդամներ, հայ համայնքի ազգային կառույցների և քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, Այնճարի և Բուրջ Համուդի քաղաքապետերը, սկաուտներ, Համազգայինի և հայաբնակ Այնճարի նվագախմբեր, կրթօջախների և սպորտային դպրոցների սաներ, պարախմբեր, հարյուրավոր բեյրութահայեր, Լիբանան – Հայաստան բարեկամության ասոցիացիայի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

«Արմենիա» առագաստանավն ավարտւմ է իր շուրջերկրյա նավարկությունը, որն իր սկիզբն է առել 2009 թվականի մայիսի 28-ին Վալենսիայից: Առագաստանավն անցել է տարբեր օվկիանոսներով, ծովերով և Սփյուռքի ճամփաներով: Կանգառներ են եղել մի քանի մայրցամաքային նավահանգիստներում: Առագաստանավի արշավախումբը կրում է Մեսրոպ Մաշտոցի անունը: Նավարկությունն ավարտվում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակի նախաշեմին: Նախատեսվում է, որ առագաստանավին, որը մոտ օրերին մեկնում է Բեյրութից, Կիպրոսում կողջունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: