Home / Հայաստան / Արտահերթ ընտրությունների անցկացման հիմնավորումը և ճանապարհային քարտեզը` ըստ Կոնգրեսի

Արտահերթ ընտրությունների անցկացման հիմնավորումը և ճանապարհային քարտեզը` ըստ Կոնգրեսի

Հայ Ազգային Կոնգրեսն  իշխանական կոալիցիայի պատվիրակության հետ այսօր կայացած բանակցությունների ընթացքում ծավալուն (87 էջանոց) փաստաթուղթ է ներկայացրել, որը կոչվում է «Հայաստանում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման և լեգիտիմ իշխանության ձևավորման անհրաժեշտության հիմնավորում»:

Փաստաթղթում Հայ Ազգային Կոնգրեսը փաստեր է ներկայացնում Հայաստանում առկա խնդիրների վերաբերյալ` նշելով, որ դրանք են, մասնավորապես, 2008 թվականի կեղծված ընտրությունները, մարտիմեկյան սպանդը, չբացահայտված սպանությունները, ոճրագործության պարտակումը, զինված ուժերի ներգրավվածությունը քաղաքական գործընթացին, աննախադեպ քաղաքական հալածանքները, անկախ դատական իշխանության բացակայությունը, մարդու իրավունքի ոտնահարումները և այլն:

Փաստաթղթի եզրափակման մեջ Կոնգրեսը հիշեցնում է ՀՀ Սահմանադրության 49 հոդվածը, որը սահմանում է. «Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը»։

«Սույն փաստաթղթում բերված փաստերը վկայում են, որ գործող նախագահը չի հետեւում Սահմանադրության պահպանմանը Մարդու իրավունքների եւ ազատությունների ապահովման տեսակետից, չի կարողանում ապահովել օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը, ինչի հետևանքով ջախջախվել է իշխանությունների հակակշռման սահմանադրական մեխանիզմը, գործնականում այլակերպվել են նրանց սահմանադրական գործառույթները։ Առաջացել է իշխանության քաղաքական հիմքով համընդհանուր ոչ լեգիտիմություն՝ ի հավելումն նախագահական իշխանության իրավական ոչ լեգիտիմության՝ ծագած 2008թ. նախագահական ընտրություններում։ Դրա հետևանքով ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանն ակնհայտորեն հայտնվել է ներքին և արտաքին ամենածանր մարտահրավերների, ընդհուպ՝ պետականության քայքայման, կորստի վտանգի առջև», – նշված է ՀԱԿ-ի ներկայացրած փաստաթղթի մեջ։

Հայ Ազգային Կոնգրեսը «Հայաստանում լեգիտիմ իշխանության շուտափույթ ձևավորման նպատակով» առաջարկում է իշխող Կոալիցիային համաձայնություն տալ Հայաստանում ժողովրդավարության անցման հետևյալ ճանապարհային քարտեզին.

1. Հոկտեմբերի կեսերին անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ:

2. Անմիջապես հետո, սահմանված ժամկետների պահպանմամբ, անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

3. Նախապես ընդունել ընտրությունների օրինականության ապահովման հետևւյալ փաթեթը.

1. Կենտրոնական ընտրական և ստորադաս հանձնաժողովները ձեւավորել պետության կողմից, որը ստանձնում է ընտրությունների պատասխանատվությունը` դառնալով ընտրական ողջ գործընթացի օրինականության երաշխավորը:

2. ԱԺ ընտրական համակարգից իսպառ բացառել մեծամասնական ընտրակարգը, և բոլոր 131 տեղերը համալրել համամասնական ընտրակարգով:

3. Առնվազն հնգապատկել Հանրային հեռուստատեսությամբ համապետական ընտրությունների համար նախատեսված անվճար եթերաժամի տեւողությունը, հաղորդումները հեռարձակել հիմնականում ժ. 20-24-ին։ Վճարովի եթերի համար վճարը սահմանել ոչ ավելի, քան բիզնես գովազդների համար։

4. Ստորագրված ցուցակները փակցնել՝ ծանոթանալ ցանկացողների համար մատչելի տեղում, վստահված անձանց և դիտորդներին, ըստ պահանջի, տրամադրել դրանց պատճենները:

5. Ապահովել քաղաքացիական վերահսկողության հնարավորություն զինվորական մասերում կազմվող ընտրողների ցուցակների նկատմամբ: Բազմակի քվեարկումը կանխելու նպատակով զինվորականների ընտրական ցուցակները տրամադրել ԿԸՀ-ին եւ հնարավորություն ընձեռել այնտեղ գրանցված վստահված անձանց ունենալ այդ ցուցակների ինչպես ամբողջական, այնպես էլ ըստ տեղամասերի տարանջատված թվային տվյալները։

6. Բազմակի քվեարկությունը բացառելու նպատակով քվեարկության մասնակցած անձի ձեռքին թողնվում է թանաքի կայուն հետք:

7. Բոլոր տեղամասերում եւ դրանց մուտքի մոտ տեղադրել տեսախցիկներ, որոնք կտեսագրեն քվեարկության, ձայների հաշվարկման եւ արդյունքների ամփոփման ողջ ընթացքը: Վստահաված անձի պահանջով տեսագրության պատճենը պետք է տրամադրվի նրան:

8. Ապահովել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2000 դիտորդների հրավեր՝ յուրաքանչյուր տեղամասում մեկ արտասահմանյան դիտորդ։

9. Քարոզչության և իրական բազմակարծության ապահովման նպատակով հեռուստատեսության եւ ռադիոյի բնագավառում ստեղծել հեռարձակման արտոնագրերի շնորհման այնպիսի համակարգ, որը քաղաքական դաշտի ողջ ներկապնակին, այդ թվում նաեւ Հայ ազգային կոնգրեսին թույլ կտա ստանալ հեռարձակման արտոնագիր եւ օգտվել հավասար հնարավորություններից։

Իշխող կոալիցիայի ներկայացուցիչները պատրաստվում են ուսումնասիրել ներկայացված փաստաթուղթը և իրենց տեսակետը ներկայացնել կողմերի հաջորդ հանդիպման ընթացքում, որը կկայանա օգոստոսի 16-ին, ժամը 10:00-ին: