Home / Հայաստան / «Օգտվելով Սերժ Սարգսյանի բացակայությունից…». ՀԱԿ-ը պահանջում է պատժել ոստիկաններին

«Օգտվելով Սերժ Սարգսյանի բացակայությունից…». ՀԱԿ-ը պահանջում է պատժել ոստիկաններին

Հայ Ազգային Կոնգրեսի համակիրների նկատմամբ ապօրինություններն ու բռնությունները շարունակվում են, այսօր տարածած հայտարարության մեջ նշում են ՀԱԿ-ի ներկայացուցիչները:

«Հերթական միջադեպի ժամանակ, որը տեղի է ունեցել օգոստոսի 9-ին, ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն», – ասված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ:

Նշենք, որ բերման ենթարկելուց հետո մի քանի ժամ անց` օգոստոսի 10-ի վաղ առավոտյան, ակտիվիստներին ձերբակալել են և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Խուլիգանություն, կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) և 316 հոդվածի 1-ին մասի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հատկանիշներով:

Կոնգրեսի հայտարարության մեջ նաև նշվում է, որ ոստիկանության կողմից արգելվել է երիտասարդներին ցուցաբերել բուժօգնություն` անգամ շտապօգնության բժշկի կողմից վնասվածքներն արձանագրելուց հետո, դատավարական ձևակերպում չեն ստացել նրանց ստացած վնասվածքները, և երիտասարդները չեն ներկայացվել դատաբժշկական փորձաքննության, մինչդեռ ոստիկանի նկատմամբ այս ընթացակարգը պահպանվել է, բերման ենթարկվելուց հետո 20 րոպե անց ժամանած փաստաբաններին միայն ժամանելուց 40 րոպե անց է հաջողվել մուտք գործել բաժանմունք, սակայն օրենքի բացահայտ անտեսմամբ փաստաբանները չեն ներգրավվել գործին:

ՀԱԿ-ը նաև նշում է, որ բաժանմունքում փաստաբանների նկատմամբ գործադրվել է ֆիզիկական ուժ, նրանց շուրջ 1 ժամ ապօրինաբար զրկել են ազատ տեղաշարժվելու հնարավորությունից, խլել են փաստաբաններից մեկի հեռախոսը: Հայտարարության համաձայն, փաստաբանների` գործին ներգրավումը մերժելու պայմաններում ընդունվել է ակտիվիստների ձերբակալման մասին ապօրինի որոշում:

«Կոնգրեսը դատապարտում է այս սադրանքը, դիտարկում այն, որպես իշխանությունների արձագանք երկխոսության շրջանակներում սկսված արտահերթ ընտրությունների մասին բովանդակային քննարկմանը: Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացրած ծավալուն փաստաթուղթը (արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության հիմնավորումը, որը ներկայացվել է երեկ – Epress.am), ըստ էության, անհարմար վիճակի մեջ է դրել վարչախմբին և նման քայլերով փորձ է արվում վիժեցնել բովանդակային այս քննարկումը: Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ չունենալով փաստարկներ` արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների միջոցով օրինակարգ իշխանության ձեւավորման՝ Հայ Ազգային Կոնգրեսի հիմնավորումների վերաբերյալ, ռեժիմը դիմում է Կոնգրեսի դեմ պայքարում իր համար սովորական դարձած բիրտ ուժի կիրառմանը։ Բացառված չէ նաև, որ, օգտվելով Սերժ Սարգսյանի՝ երկրից բացակայելու հանգամանքից, սրանով որոշ ուժեր փորձում են վիժեցնել Հայ Ազգային Կոնգրեսի և իշխանության միջև սկսված երկխոսությունը», – ասված է Կոնգրեսի հայտարարության մեջ:

ՀԱԿ-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր երիտասարդներին և օրենքով սահմանված կարգով պատժել բոլոր այն ոստիկաններին, ովքեր բռնություն են կիրառել ինչպես նրանց, այնպես էլ փաստաբանների նկատմամբ: