Home / Հայաստան / ՀԱԿ-ի 7 ակտիվիստների դեմ քրեական գործ է հարուցվել

ՀԱԿ-ի 7 ակտիվիստների դեմ քրեական գործ է հարուցվել

Օգոստոսի 9-ի երեկոյան Կարապի լճի հարակից տարածքից ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկված Հայ Ազգային Կոնգրեսի 7 ակտիվիստների դեմ քրեական գործ է հարուցվել 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Խուլիգանություն, կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) և 316 հոդվածի 1-ին մասի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հատկանիշներով: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը: Նրա խոսքով` դեպքի առիթով կատարվում է նախաքննություն:

ՀԱԿ-ի 7 երիտասարդ ակտիվիստներ՝ Սահակ Մուրադյանը, Արեգ Գևորգյանը, Արտակ Կարապետյանը, Տիգրան Առաքելյանը, Դավիթ Քիրամիջյանը, Վահագն Գևորգյանը և Սարգիս Գևորգյանն ավելի վաղ հեռախոսով փոխանցել էին «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Անի Գևորգյանին, որ բերման ենթարկվելու ժամանակ ոստիկաններն իրենց ծեծի էին ենթարկել, այդ իսկ պատճառով ակտիվիստները պահանջում էին հրավիրել Հատուկ քննչական ծառայության քննիչի:

Մինչ քննիչի ժամանելը նրանք հրաժարվում էին որևէ գործողության մասնակցել:

Երիտասարդներին ոստիկանության Կենտրոնի բաժնից վաղ առավոտյան տեղափոխել էին ՁՊՎ (ձերբակալվածների պահելու վայրեր):

Փաստաբան Վահե Հովսեփյանը, մինչ այդ տեսակցելով երիտասարդներին, լրագրողների հետ զրույցում նշել էր, որ նրանց վրա ակնհայտ էին բռնության հետքերը:

Վահե Հովսեփյանի հետ ոստիկանության բաժնում գիշերվա ընթացքում գտնվող մեկ այլ փաստաբան Ստեփան Ոսկանյանը Epress.am-ի հետ զրույցում ասել էր, որ ոստիկանները փաստաբանների նկատմամբ ևս բռնություններ են գործադրել:

«Այնտեղ բոլորս մի սենյակում ենք եղել, հետո եկան բռնությամբ բոլորին [ակտիվիստներին] հանեցին վերև, տարբեր սենյակներ: Մենք բարձրացանք, բայց այդ ընթացքում ո՞ր մեկի հետևից գնաս: Մեկի հետևից գնում ես, էն մյուսին են տանում: Հետո Վահե Հովսեփյանի նկատմամբ միջադեպ սարքեցին. եկան, վիդեոյով սկսեցին կողքից նկարել իր զրույցը պետի հետ, կոնֆլիկտ սարքեցին, մեզ շեղեցին: Աշխատակիցներից մեկը Վահեին ձեռքերով հրեց պատին: Եվ այդ ամենը երիտսարդներին տանելու ընթացքում»,- ասել էր Ոսկանյանը: