Home / Հայաստան / Սարգիս Գևորգյանը մեկուսարանից հայտարարություն է տարածել

Սարգիս Գևորգյանը մեկուսարանից հայտարարություն է տարածել

Օգոստոսի 9-ին Տերյան փողոցում ոստիկանության լկտիությունը ցույց տվեց, որ հանցավոր իշխանություններն արդեն զգում են իրենց մոտալուտ վախճանը: Անգամ երկխոսության փուլում նրանք չկարողացան զսպել իրենց համար սովորական դարձած ավազակախմբի գործելաոճը: Այս մասին ասված է երեկ երկամսյա կալանքի դատապարված ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գևորգյանի հայտարարության մեջ, որը վերջինս փոխանցել է իր քրոջ` «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Անի Գևորգյանի միջոցով դեռևս մինչև երեկվա դատական նիստը` ՁՊՎ-ից:

«Այս պայմաններում իշխանության նման ագրեսիան տրամաբանական է, քանի որ երկխոսության մեկնարկը` որպես Կոնգրեսի և իշխանության գործարքի, կամ Կոնգրեսի կողմից ժողովրդին խաբելու միջոց ներկայացնելու իշխանական փորձը ձախողվեց, և Կոնգրեսը հերթական անգամ ապացուցեց, որ հետամուտ է իր պահանջների կատարմանը, մասնավորապես, Հայաստանում օրինական իշխանությունների ձևավորմանը:

Այսօր արդեն առաջացել են քաղաքացիական ընդվզման նոր օջախներ, որոնք նույնպես հայտ են ներկայացրել ավազակապետության տապալման գործում իրենց ներդրումն են անելու: Դրան զուգահեռ աճում է լարվածությունը, վճռական գործողություններին հավանություն տվող մարդկանց թիվը կտրում շատանում է:

Ժողովրդին զսպող միակ գործոնը երկխոսությունն է:

Այս ամենը ավազակապետության պարագլուխներին այլնտրանք չի թողնում, քան վստահ լինել, որ երկխոսության միջոցով ժողովրդի պահանջը չկատարելու դեպքում  հանդիպելու են աշխարհում նախադեպը ունեցող, բայց իրենց համար աննախադեպ ժողովրդական ճնշման: Հետևապես, նրանք փորձում են ճնշել ընդդիմությանը եւ սկսել են մեզնից` օգոստոսի 9-ին ձերբակալված 7 ակստիվիստներից», – նշում է Սարգիս Գևորգյանը:

Գևորգյանը նշում է, որ իր և իր 6 ընկերների անունից իրավունք է վերապահում հայտարարել, որ անկախ ոստիկանական լկտիություններից, անկախ ներկայացվող շինծու և ապօրինի մեղադրանքներից, անկախ ակտիվիստների դեմ կիրառվող բռնության պարբերականությունից և ձևից, իրենք պայքարելու ենք մինչև վերջ, անկախ այն բանից կլինի դա երկխոսության տրամաբանության մեջ, թե ոչ:

«Եվ ավազակապետության որևէ  կամակատար սափրագլուխ, հանցագործ ոստիկանի, որեւէ դիմակավորի մտքով անգամ չանցնի, որ մեզ հնարավոր է ծնկի բերել կամ կասեցնել մեր պայքարը: Ավազակապետությունը պետք է մեկընդմիշտ հիշի, որ մենք` նոր Հայաստանի ազատատենչ քաղաքացիներս չենք հասկանում իրենց լեզուն, որովհետև դա իրենց պատկերացրած Հայաստանի համար է: Ի դժբախտություն հանցավոր իշխանությունների, մենք Հայաստանում գորակշռող մեծամասնություն ենք կազմում, ինչը նշանակում է, որ շատ շուտով այսօրվա Հայաստանը համապատասխանելու է մեր պատկերացրած ու մեր երազածս Հայաստանին», – իր հայտարոությունն այսպես է ավարտում Գևորգյանը:

Հետագրության մեջ նա նշում է, որ այն, ինչ տեղի է ունեցել իրենց հետ, ամեն օր տեղի է ունենում մյուս երիտասարդների և առհասարակ Հայաստանի քաղաքացիաների հետ:

«Կոչ եմ անում նրանց, ովքեր դեռ չեն հասկացել, որ հաջորդը իրենք են, համախմբվել և լծվել  Հայաստանի ժողովրդի և Հայ Ազգային Կոնգրեսի պայքարին, ազատվելու համար ավազակապետությունից և մեկընդմիշտ բացառելու համար այն բոլոր լկտիությունները, որ տեղի են ունենում այսօր: Կոչ ենք անում բոլորին ակտիվորեն պատրաստվել սեպտեմբերին, քանի որ սեպտեմբերին պատմական որոշում ենք կայացնելու», – նշում է ակտիվիստը: