Home / Հայաստան / Դատախազն անհարգելի բացակայել է զոհված զինվորի գործով դատական նիստին

Դատախազն անհարգելի բացակայել է զոհված զինվորի գործով դատական նիստին

2007 թվականին բանակում զոհված ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանի գործով դատական նիստն այսօր արդեն երկրորդ անգամ հետաձգվել է դատախազ, գործը հսկող Կարեն Հարությունյանի բացակայության պատճառով:

Դատավոր Աիդա Հովհաննիսյանը դատական նիստի ընթացքում նշել է, որ դատախազի բացակայությունն անհարգելի է:

2007թ. օգոստոսի 30-ին Վարդենիսի զորամասում զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի գործով  2010 թվականի հունվարի 13-ին Գեղարքունիքի մարզի 1-ին ատյանի դատարանը վճիռ էր կայացրել, համաձայն որի ապացույցներ չլինելու պատճառով արդարացվել են մեղադրյալներ Ռուստամ Ասատրյանը և Կարեն Թովմասյանը: Դրանից հետո քրեական գործը 366 հոդվածով հետ էր ուղարկվել Զինվորական դատախազություն` նոր անձի նկատմամբ նոր քննություն սկսելու:

Նախնական պաշտոնական վարկածով` Տիգրան Օհանջանյանը հպվել է ալեհավաքի ամրալարերին ու հոսանքահարվել: Ըստ զոհված զինվորի ծնողների` իրենց որդու մահվան մեջ մեղավոր է սպայական անձնակազմը:

Նրանք նշում են, որ գործում առկա են բազմաթիվ անհամապատասխանություններ, հակասություններ, իսկ քննությունը կատարվել է օրենքի բազմաթիվ խախտումներով, ինչի համար տղայի իրավահաջորդ Սուրեն Օհանջանյանը ՀՀ Հատուկ քննչական ծառայություն է ներկայացրել հանցագործության մասին հաղորդում, որում ասված է, որ նախաքննության ընթացքում Սևանի կայազորի զինվորական դատախազության նախկին ավագ դատախազ Գնել Մանուկյանը թույլ է տվել բազմաթիվ անօրինական գործողություններ:

Օհանջանյանի իրավահաջորդները նշում են, որ ՀՀ ՊՆ Քննչական ծառայությունը անօրինական կերպով գրությունով մերժել է դիմողին:

Այժմ Սուրեն Օհանջանյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան` պահանջելով ճանաչել այդ գործողություններն անօրինական և պարտավորեցնել ՀՔԾ-ին ընդունել իր կողմից հանցագործության մասին հաղորդումը:

Այսօր դատարան էր ներկայացել գործով քննիչ Պետրոսյանը, ով հայտարարել է, որ տեղեկություն չունի դատախազի բացակայության մասին:

«Ես փորձել եմ կապ հաստատել նրա հետ, բայց չի հաջողվել»,- ասել է Պետրոսյանը:

Դատավոր Հովհաննիսյանը, իր խոսքով, մեկ անգամ ևս ընդառաջելով դատախազին, տույժի չենթարկեց նրան անհարգելի բացակայության համար` հայտարարելով, որ իրենք չունեն որևէ գրություն դատախազի աշխատանքային ծանրաբեռնվածության կամ հիվանդության մասին:

Դատական նիստը հետաձգվել է մինչև օգոստոսի 26-ը` ժամը 11:00:

Լրագրողների հետ զրույցում Օհանջանյանի մայրը` Գոհար Սարգսյանը, ասել է, որ դատախազը, հավանաբար, ամոթ է զգացել, այդ պատճառով չի ներկայացել:

«Ես ոչ մի սպասելիք չունեմ էս դատարանից, բայց հիմա էս մի էտապն էլ անցնենք ամբողջությամբ, մենք ստիպված ենք եվրոպական դատարան գնալ»,- ասել է  զոհված տղայի հայրը: