Գլխավոր / Հայաստան / Իսրայելում երկու ավտոբուս զինված հարձակման է ենթարկվել. կան զոհեր

Իսրայելում երկու ավտոբուս զինված հարձակման է ենթարկվել. կան զոհեր

Այսօր Իսրայելի հարավային Էյլաթ քաղաքում ահաբեկչական գործողություններ են իրականացվել: Երկու ավտոբուս զինված հարձակման է ենթարկվել, որի հետևանքով 6 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ` վիրավորվել: Գրոհայինները հարձակում են գործել 12-րդ անապատային մայրուղու վրա` Եգտիպտոսի սահմանից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա:

Մեքենաների ուղղությամբ արձակվող կրակը եկել է եգիպտական կողմից: Իսրայելական իշխանությունները տեղի ունեցածը ահաբեկչություն են որակել:

Առաջին հարձակումն իրականացվել է «Էգեդ» ընկերությանը պատկանող ավտոբուսի վրա: Ավտոբուսում էին գտնվում ռազմակայաններ մեկնող զինվորականներ և ռազմաօդային ուժերի բուժեղբայրներ: Ականատեսների վկայությամբ` ահաբեկիչները առաջ են անցել ավտոբուսից, այնուհետև կտրել ճանապարհը: Մեքենայից ավտոմատներով զինված  երեք մարդ է դուրս եկել ու կրակ արձակել: Ավտոբուսից բացի, ահաբեկիչները հրաձգություն են սկսել նաև պատահական անցնող մեքենաների ուղղությամբ:

Ավտոբուսի վարորդը Kol Israel ռադիոկայանին պատմել է, որ իրենց ուղղությամբ կրակ են արձակել սահմանապահ եգիպտացի զինվորները:

Երկրորդ ահաբեկչությունը տեղի է ունեցել 40 րոպե անց առաջին միջադեպի վայրից 2 կմ հեռավորության վրա: Ավտոբուսի ուղղությամբ հակատանկային հրթիռ է բաց թողնվել, այն հրդեհվել է:

Հատուկ ծառայության աշխատակիցները հայտնաբերել են ահաբեկիչներին և շրջապատել նրանց, սկսված փոխհրաձգություն հետևանքով երկու գրոհային է զոհվել:

Բացի դա, իսրայելական ռադիոն Բաեր-Շևա քաղաքում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին էր հաղորդել: Սակայն ավելի ուշ այս տեղեկությունները հերքվել են իսրայելական ԶՄՆ-երի կողմից: