Գլխավոր / Հայաստան / ՀԱԿ-ի ակտիվիստներին բերման ենթարկած ոստիկանների նկատմամբ կանցկացվի ծառայողական քննություն

ՀԱԿ-ի ակտիվիստներին բերման ենթարկած ոստիկանների նկատմամբ կանցկացվի ծառայողական քննություն

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դիմել է ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որպեսզի վերջինս նշանակի ծառայողական քննություն և ստուգի օգոստոսի 9-ին ոստիկանության Կենտրոնի բաժնում փաստաբանների մասնագիտական գործունեությունը խոչընդտելու վերաբերյալ մամուլի հրապարակումները: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:

Գլխավոր դատախազը ոստիկանապետին ուղարկել է նաև «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված հոդվածի լուսապատճենը` նկատի ունենալով¸ որ հենց այդ հոդվածում է առավել հանգամանալից անդրադարձ կատարվել Փաստաբանների պալատի խորհրդի որոշմանը և տեղի ունեցած միջադեպին:

Ծառայողական քննության արդյունքների մասին ոստիկանապետը պետք է տեղյակ պահի Գլխավոր դատախազին:

Փաստաբանների պալատի խորհուրդը օգտոստոսի 12-ին տարածած հայտարարության մեջ ապօրինի էր որակել ոստիկանության Երևանի Կենտրոնի բաժնի աշխատակիցների գործողությունները ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների փաստաբանների նկատմամբ: Փաստաբանների պալատի խորհուրդն ընդգծել էր, որ խոչընդոտվել են փաստաբանների լիազորությունները, նրանց նկատմամբ բռնություն է կիրառվել: Ավելին` փաստաբաններին ոստիկանության բաժնում զրկել են նաև ազատությունից:

Այսօր Գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդագրություն է ներկայացրել նաև փաստաբան Վահե Հովսեփյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ պահանջում է քրեական գործ հարուցել մեղավորների դեմ:

Փաստաբանի համոզմամբ` իրենց նկատմամբ տեղի ունեցածը կարող է վտանգավոր նախադեպ դառնալ. «Այդ պատճառով էլ գտնում ենք, որ կոնկրետ տվյալ գործի քննությունը բավականին մեծ նշանակություն ունի»: