Home / Հայաստան / Լոս Անջելեսում հայ տղամարդը բռնաբարել է անգիտակից վիճակում գտնվող աղջկան

Լոս Անջելեսում հայ տղամարդը բռնաբարել է անգիտակից վիճակում գտնվող աղջկան

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում ձերբակալվել է 33-ամյա Արմեն Շահբազյանը, ով մեղադրվում է 2002 թվականին Գլենդեյլի մոթելներից մեկում անգիտակից վիճակում գտնվող աղջկան բռնաբարելու մեջ:

Շահբազյանին մեղադրում են ինչպես բռնաբարության, այնպես էլ անչափահաս երեխայի առողջությանը սպառնացող դիտավորյալ գործողությունների իրականացման մեջ:

Ոստիկանության ներկայացուցիչները նշել են, որ գործը դեռևս հետաքննության փուլում է:

16-ամյա աղջնակը սեռական ոտնձգության էր ենթարկվել 2002 թվականի մայիսին Էլ Ռիո մոթելում: Բռնաբարության վերաբերյալ աղջկա հիշողությունները չափազանց աղոտ են, քանի որ սեռական բռնության ընթացքում նա անգիտակից վիճակում է եղել:

Հանցագործին գտնելու բոլոր միջոցները սպառելուց հետո ոստիկանությունը ժամանակավորապես սառեցրել էր գործը, սակայն 2010 թվականի մայիսին իրավապահներին հաջողվել է կրկին նրա հետքին ընկնել: Շահբազյանի ԴՆԹ-ի թեստի արդյունքները համընկել են հանցագործի ԴՆԹ-ի թեստի արդյունքների հետ: