Home / Հայաստան / Կառավարության ընդունած օրենքն օգնում է ոչնչացնել կենդանական աշխարհը. Դովլաթյան

Կառավարության ընդունած օրենքն օգնում է ոչնչացնել կենդանական աշխարհը. Դովլաթյան

ՀՀ կառավարությունը օգոստոսի 18-ին նիստում հավանություն է տվել օրենքի նախագծին, որում, մասնավորապես, առաջարկվում է մի քանի կենդանիների` զոլավոր բորենի, ազնվացեղ եղջերու, փասիան, թուրաջ, հանել այն ցանկից, որում սահմանված են դրանց որսի կամ ոչնչացման համար նախատեսված տուգանքները:

Այս խնդրի առնչությամբ Epress.am-ը զրուցել է Հայաստանի Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանի հետ, ով բացասական է գնահատական է տվել օրենքի փոփոխությանը:

«Հայաստանում կենդանական աշխարհը շատ խղճուկ վիճակում է, և տուգանքները ինչ-որ չափով արգելակում էին որսի կարգավորումը, չնայած որոշ պաշտոնյաների համար դա որևէ սահմանափակում չէր դնում. նրանք միշտ էլ որս արել են, նաև ուղղաթիռներով, իսկ հիմա` հատկապես ազնվացեղ եղջերուի և փասիանի դեպքում ստանում են լրիվ ազատություն: Դրա հետևանքները, ցավոք, կտեսնենք մոտ ապագայում»,- ասել է Դովլաթյանը:

Մեր զրուցակիցը նշել է, որ իրականացվելու է կենդանական աշխարհի լրիվ անպատիժ ոչնչացում, ինչը, ըստ Դովլաթյանի, ոմանց արյան մեջ է:

«Անպատիժ ոչնչացում, ինչպես ոչնչացվում են Երևանի կանաչ տարածքները` չնայած ամպագորգոռ խոստումներին, ինչպես հարատարած հանքեր են բացվում` առանց հաշվի առնելու բոլոր տեսակի նախազգուշացումները», – ասել է Դովլաթյանը: