Home / Հայաստան / Իշխանության փաստաթուղթը հիմնավորում է արտահերթ ընտրությունների անցկացումը. Զուրաբյան (ՖՈՏՈ)

Իշխանության փաստաթուղթը հիմնավորում է արտահերթ ընտրությունների անցկացումը. Զուրաբյան (ՖՈՏՈ)

Հայ Ազգային Կոնգրեսի և իշխանության պատվիրակությունների այսօրվա հանդիպման ժամանակ քննարկվել է օգոստոսի 9-ին ՀԱԿ ակտիվիստների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպը և դրա հետ կապված զարգացումները: Այս մասին հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

«Քննարկման արդյունքներով կարող եմ ասել, մենք վստահ ենք, որ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցի փոփոխման հարցն արագորեն կկարգավորվի: Դա նկատի ուենանլով` մենք անցել ենք օրակարգային  հարցի քննարկմանը և լսել կոալիցիայի տեսակետը: Կոալիցիան ներկայացրել է մի մեծ փաստաթուղթ, որը  չեն ավարտել դեռ, երևի մոտ երկու երրորդը ներկայացրեցին, դա կշարունակվի մինչև, իհարկե, այդ փաստաթղթի ներկայացման ավարտը», – ասել է Զուրաբյանը:

Նրա խոսքով` այժմ լուրջ չէ մեկնաբանություններ կամ գնահատականներ անել փաստաթղթի վերաբերյալ:

«Իմ տպավորությամբ` այս փաստաթուղթը շատ ավելի լավն է, քան Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացրած փաստաթուղթը: Ինչո՞ւ. որովհետև շատ ավելի լավ է հիմնավորում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումը Հայաստանում»,- ասել է ՀԱԿ համակարգողը:

Հարցին` գոհ է արդյոք ինքը բանակցությունների ընթացքից, Զուրաբյանը պատասխանել է.

«Սա իրողություն է: Մենք փորձում ենք կառուցողական գործընթացը պահպանել: Եթե դա հաջողվի` լավ, չի հաջողվի` արդեն գիտեք` ինչ է լինելու»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ՀԱԿ-ն այլևս արմատական ընդդիմություն չի համարվում, Զուրաբյանն ասել է. «Մենք երբեք չենք եղել արմատական ընդդիմություն, մենք եղել ենք այս երկրում արմատական փոփոխություններ կատարելու ջատագով: Իսկ դա եղել ենք միշտ»:

ՀԱԿ համակարգողը նաև տեղեկացրել է, որ հաջորդ հանդիպումը կկայանա  ուրբաթ` ժամը 10.00-ին: