Home / Հայաստան / Հայերը մեղավոր չեն 17-ամյա աղջկա բռնաբարության և սպանության մեջ. հետաքննություն

Հայերը մեղավոր չեն 17-ամյա աղջկա բռնաբարության և սպանության մեջ. հետաքննություն

ՌԴ հետաքննչական վարչության աշխատակիցները հերքել են լուրերն այն մասին, որ Կազանում 17-ամյա ուսանողուհի Դարիա Մաքսիմովային  բռնաբարել և սպանել են  ազգությամբ հայ երկու երիտասարդներ: Իրականում մարդասպանը մենակ է եղել, նրան արդեն բերման են ենթարկել, կատարվում է նախաքննություն: Այս մասին

հայտնել է ՌԴ հետաքննչական վարչության Թաթարստանի բաժնի ղեկավարի ավագ օգնական Էդուարդ Աբդուլինը:

Դարիայի սպանության մեջ կասկածվողը Սարատովի շրջանի 40-ամյա բնակիչ է` ազգությամբ թաթար:

«Հետաքննությունը շարունակվում է, սակայն, հանցագործության բնույթից ելնելով, կարելի է եզրակացնել, որ նա միայնակ է գործել»,- նշել է Հետաքննչական կոմիտեի ներկայացուցիչը:

Ավելի վաղ աղջկա մայրը` Մարինա Մաքսիմովան, հայտարարել էր, որ գործի առնչությամբ երկու հայեր են ձերբակալվել: Նա նաև հայտնել էր, որ շաբաթ օրը` օգոստոսի 27-ին, բողոքի ակցիա է տեղի ունենալու: «Ես կռվի, պատերազմի կոչ չեմ անում, ես կոչ եմ անում խաղաղություն հաստատել»,- հայտարարել էր մայրը:

Բացի դա, սպանված աղջկա ընկերները «Вконтакте» սոցիալական ցանցում նրա հիշատակին նվիրված խումբ են ստեղծել, որտեղ իրենց ցավակցությունն են հայտնում ընտանիքի անդամներին և միաժամանակ վրեժխնդիր լինելու կոչեր են հնչեցնում: Դարիայի ընկերներից մեկը` Օլեգ Նաումովը, գրում է. «Վրեժը պետք է երկարատև և դաժան լինի, առանց ծախված արդարադատության մասնակցության… պատժել է պետք»: Մեկ այլ օգտատեր գրում է, որ նման արարքի համար անհրաժեշտ է քաղաքի կենտրոնական հրապարակում այրել, որպեսզի բոլորը տեսնեն: Դարիայի ընկերներից մեկն էլ վստահություն է հայտնում, որ ոստիկանությունն իր հովանավորության տակ է վերցրել «խաչիկներին», որպեսզի ազգամիջյան բախում չլինի, բայց խոստանում է հասնել արդարության:

Հիշեցնենք, որ Կազանի ակադեմիայի ուսանողուհի Դարիա Մաքսիմովային ընկերները նրան մահացած էին գտել ծովափին: Սպանությունից րոպեներ առաջ Դարիան զանգահարել է ընկերոջը և ասել, որ մի քանի կովկասցիներ անհանգստացնում են իրեն, և խնդրել է գալ իր հետևից: Երիտասարը ընկերների հետ եկել է նշված վայր քսան րոպե անց: Սակայն աղջկան չեն գտել, նրա բջջայինը անհասանելի է եղել: Երկար փնտրտուքներից հետո նրանք թփերի մեջ հայտնաբերել են աղջկա դին, որի վրա սեռական բռնության հետքեր են եղել: