Home / Հայաստան / «Աշտարակ կաթ»-ից բացատրություն են պահանջել գների բարձրացման համար

«Աշտարակ կաթ»-ից բացատրություն են պահանջել գների բարձրացման համար

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի կողմից առևտրի կետերում կատարված դիտանցումների արդյունքում արձանագրվել է կաթնամթերքի գնի որոշակի թանկացում: Թեև վերոնշյալ շուկայում կան մի քանի գերիշխողներ, սակայն, մոնիտորինգի արդյունքներով թանկացել է, մասնավորապես, «Աշտարակ կաթ» ընկերության արտադրանքը:

Հիմք ընդունելով  Հանձնաժողովի մոնիտորինգի խմբի վերլուծությունները, ինչպես նաև թեմայի վերաբերյալ տարբեր լրատվամիջոցների հրապարակումները, Հանձնաժողովը որոշեց ուսումնասիրություն սկսել վերոնշյալ շուկայում:

«Աշտարակ կաթ» ընկերությունը եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի տեղեկատվություն՝ իր կողմից արտադրվող կաթնամթերքի իրացման ծավալների վերաբերյալ, ինչպես նաև հիմնավորումներ՝ շուկայում նկատվող գնային փոփոխություների վերաբերյալ:

Հանձնաժողովը զուգահեռաբար տեղեկատվություն է պահանջել նաև խոշոր առևտրի կետերից՝ կաթնամթերքի ձեռքբերման գների վերաբերյալ՝ պարզելու, թե իրացման որ օղակում է տեղի ունեցել գնաճը:

Ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում «Աշտարակ կաթ»-ի մարքեթինգի բաժնի պետ Նարինե Կոտիկյանն ասել էր, որ որոշ ապրանքատեսակների գների բարձրացումը պայմանավորված է մթերվող կաթի գնի բարձրացման հետ:

«Մենք, վնասներ կրելով, փորձել ենք հնարավորինս քիչ բարձրացնել գները և անել այնպես, որ գնի ավելացումը ազդի հնարավորինս քիչ ապրանքատեսակների վրա»,- մեկնաբանել էր Կոտիկյանը:

Նշենք, որ «Աշտարակ կաթի« թթվասերի և մածունի գները բարձրացել են 20-ական դրամով, իսկ կաթնաշոռի գինը` 30 դրամով:

«Աշտարակ կաթ» ընկերությունը մի շարք արտադրատեսակներով  կաթնամթերքի շուկայում հանդիսանում է գերիշխող: