Home / Հայաստան / Հայաստանցի աշակերտներին անվճար կբաժանեն Անկախության 20-մյակին նվիրված հատուկ օրագրեր

Հայաստանցի աշակերտներին անվճար կբաժանեն Անկախության 20-մյակին նվիրված հատուկ օրագրեր

Սեպտեմբերի մեկին աշակերտները նոր ուսումնական տարին կսկսեն հատուկ ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ  տպագրված օրագրերով:

Աշակերտներն Անկախության տոնին ընդառաջ որպես նվեր կստանան պետական դրոշի գույներով տպագրված օրագրերը, որոնց վրա պատկերված են ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի տարբերանշանն ու կարգախոսը` «Հայաստանը դու ես»:

Օրագրի էջերին տպագրվել են Հայաստանի օրհներգը և տերունական աղոթքը, տեղեկատվություն Հայաստանի զինանշանի, պետական տոների, հիշատակի օրերի և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու տոների մասին:

«Օրագրերն անվճար բաժանվելու են բոլոր դպրոցներին: Այս օրագրերը կարևոր են բովանդակային առումով, քանի որ պարունակում են տեղեկություն մեր պետական խորհրդանշանների մասին: Օրագրերի տպագրման նպատակն էր աջակցել դպրոցականների հայրենասիրական դաստիրակությանը և մեկ անգամ ևս ընդգծել կարևորագույն տոնի` Անկախության օրվա նշանակությունը»,- ասել է ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Օրագրերում նաև ներառվել է մանրամասն տեղեկատվություն աշակերտի առողջական վիճակի մասին, որը ուսուցիչներին և բուժքույրերին կօգնի կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում:

«Ծնողներին խորհուրդ կտայի չշտապել օրագրեր գնել, քանի որ այս տարի այդ խնդիրը հոգացել է պետությունը»,- նշել է Նարինե Հովհաննիսյանը:

Օրագրերի տպագրությունը ֆինանսավորել է «Մետէքսիմ» ընկերությունը, որը Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի տոնակարությունների գլխավոր գործընկերներից մեկն է: Տոնակատարությունների գլխավոր այլ գործընկերներն են «Արարատ» Երևանի կոնյակի գործարանը, «Նեվա-Ռուս» ընկերությունը և «Գեոպրոմայնինգ» ընկերությունը: