Գլխավոր / Հայաստան / «Աշտարակ կաթը» բացատրում է կաթնամթերքի թանկացումը

«Աշտարակ կաթը» բացատրում է կաթնամթերքի թանկացումը

«Աշտարակ կաթ» ընկերությունը մեկնաբանել է սեփական արտադրության որոշ ապրանքատեսակների գների բարձրացման փաստը:

Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ` իրենք, սերտորեն համագործակցելով կաթ մթերող 6000-ից ավելի ֆերմերների և գյուղացիական տնտեսությունների հետ, նրանցից 2011թ.  ընթացքում կաթ են մթերել մոտ 35%-ով ավելի բարձր գնով, քան 2010 թ. նույն ժամանակաշրջանում:

Ընկերությունից նշում են, որ անգամ հաշվի առնելով  սեզոնային որոշ տատանումներ, որոնք առկա են ամեն տարի նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մթերման գնի նշված աճը մշտապես պահպանվել է նույն մակարդակի վրա, մինչդեռ այդ ժամանակահատվածում 10-50%-ով աճել են ներկրվող հումքի, փաթեթավորման  նյութերի և վառելիքի գները:

Ինքնարժեքի նման կտրուկ աճը երկար ժամանակ չի արտացոլվել «Աշտարակ կաթ» ընկերության արտադրատեսականու գների վրա, նշում է «Աշտարակ կաթը»` վստահեցնելով, որ ընկերությունը որոշ դեպքերում անգամ վնասներ է կրել:

Կաթնամթերքի ինքնարժեքի նման կտրուկ բարձրացման պայմաններում գների անխուսափելի բարձրացման ցավոտ հետևանքները հնարավորինս մեղմելու համար «Աշտարակ կաթ» ընկերությունը նախընտրեց իր արտադրանքի գների վերանայումն իրականացնել որոշակի փուլերով: Ընդ որում` ընկերության արտադրանքի գների ներկայիս որոշակի աճը շարունակում է համարժեք չլինել կաթնամթերքի ինքնարժեքի բարձրացմանը, հայտնում են ընկերությունից:

Ավելի վաղ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը, մոնիտորինգի արդյունքում արձանագրելով «Աշտարակ կաթի» որոշ ապրանքատեսակների թանկացում, պարտավորեցրել էր ընկերությասնը արտադրվող կաթնամթերքի իրացման ծավալների վերաբերյալ, ինչպես նաև շուկայում նկատվող գնային փոփոխություների վերաբերյալ հիմնավորումներ տրամադրել: