Home / Հայաստան / ԱՊՊԱ-ի ներմուծումն արհեստականորեն բարձրացրել է ՃՏՊ-ների աճը Հայաստանում

ԱՊՊԱ-ի ներմուծումն արհեստականորեն բարձրացրել է ՃՏՊ-ների աճը Հայաստանում

2011 թվականի 7 ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է 1135 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 150, մարմնական վնասվածքներ ստացել` 1697 մարդ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը:

Նա նշել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պատահարների քանակն աճել է 143-ով, զոհերի թիվը` 14-ով, վիրավորների թիվը` 357-ով:

«Մի կողմից` ԱՊՊԱ համակարգի ներդրումն է նպաստել բոլոր պատահարների գրանցմանը, և արհեստականորեն աճ է ստացվել, մյուս կողմից` ներմուծվող տրանսպորտային միջոցների քանակը շատ ինտենսիվ կարգով աճում է: Միայն 2011 թվականի 7 ամիսների ընթացքում Հայաստան է ներմուծվել 15428 տրանսպորտային միջոց, որը կազմում է մոտ 15 տոկոս աճ: Դրանով է պայմանավորված այդ աճը, բայց արտառոց որևէ բան չկա: Մենք 7 ամիսների ընթացքում ընդամենը 150 զոհ, իսկ նախորդ տարիների ընթացքում եղել է 300-400 զոհ: Այսինքն` զոհերի թվի աճով մտահոգիչ որևէ բան չունենք»,- ասել է Սարգսյանը: