Home / Հայաստան / Մանկապղծության մեջ մեղադրվող հայ գործարարը տուժողներին միլիոններ է բաժանել

Մանկապղծության մեջ մեղադրվող հայ գործարարը տուժողներին միլիոններ է բաժանել

Անչափահասների նկատամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների մեջ մեղադրվող ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի գործով այսօր հարցաքննվեց տուժողներից մեկը։

Մեղադրանքը ապացուցվելու դեպքում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատեր «Մեթըլ Փրինս» ընկերության ղեկավար, 69-ամյա Սերոբ Տեր-Պողոսյանին սպառնում է 8-15 տարվա ազատազրկում։

Ամերիկահայ գործարարի դեմ դատական գործընթացը դեռևս ապացույցների հետազոտման ու տուժողների հարցաքննության փուլում է։

Տասը տուժողից արդեն հարցաքննել են 7-ին։ Դռնփակ դատական նիստի ժամանակ դատաքննության կողմերը դիտում են որպես ապացույց ներկայացված տեսանյութերը, այնուհետեւ հարցաքննում ժապավեններում եղած տուժողներին։

«Այսօրվա տուժողը, ըստ էության, համարյա բան չհայտնեց։ Չէ՞ր կարողանում հայտներ, թե՞ կաշկանդվում էր․․․», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստեց ՀՀ Գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության պետի տեղակալ Արամ Ամիրզադյանը՝ հավելելով։ – «Դա այն տուժողն էր, որը երեկ իջավ այն մեքենայից, որը պատկանում է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատին»։

Այսօր հարցաքննված տուժողը 20 տարեկան է, սակայն հանցագործության կատարման ժամանակ նա 16-17 տարեկան տղա է եղել։ Տուժողը չի հերքել, որ Սերոբ Տեր-Պողոսյանը իրեն ժամանակ առ ժամանակ գումարներ է տվել։ Նրա մոտ Արամ Ամիրզադյանը կաշկանդվածություն է նկատել․ նախաքննության ժամանակ տված ցուցմունքում և դատարանի դահլիճում տուժողը իրար հակասող տեղեկատվություն է տվել։ Նա կտրուկ հրաժարվել է, որ սեռական հարաբերություն է ունեցել մեղադրյալի հետ, թեև տեսանյութում տուժողի դեմքը երևացել է։ Սակայն Սերոբ Տեր-Պողոսյանն ինքն է ասել, որ իր, տուժողի և մեկ այլ տուժողի միջև սեռական հարաբերություն եղել է։

Արամ Ամիրզադյանը նշեց, որ նախաքննության ու նաև դատաքննության ընթացքում պարզվել է, որ Սերոբ Տեր-Պողոսյանը տուժողներին «միլիոններ» է տվել։

«Ըստ տուժողների՝ ստիպողաբար չի եղել, բայց տուժողներ կան, որոնք չեն հրաժարվում, որ ունեցել են ֆինանսական կախվածություն», – նշեց նա։