Home / Հայաստան / Մարտի 1-ի էջը փակ է, ասված է ԵԽԽՎ-ի բանաձևի նախագծում

Մարտի 1-ի էջը փակ է, ասված է ԵԽԽՎ-ի բանաձևի նախագծում

Հայաստանում հայտարարված վերջին համաներումը, 2008 թվականի մարտին զոհված 10  քաղաքացիների մահվան հանգամանքները նորովի հետաքննելու ազդակը և ընդդիմության ու իշխանական կոալիցիայի կառուցողական երկխոսության փաստը նշանակում է, որ 2008 թվականի մարտյան իրադարձությունների էջը կարող է վերջապես համարել փակված: Այս մասին ասված է ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի երեկ ընդունած բանաձևի նախագծում, որի համար հիմք է հանդիսացել ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ գերմանացի Աքսել Ֆիշերի և բրիտանացի Ջոն Պրեսկոտի զեկույցը:

Նախագծում նշվում է, որ Հանձնաժողովը կրկին արտահայտում է իր մտահոգությունը 10 զոհերի մահվան հանգամանքները չբացահայտելու առնչությամբ, սակայն ողջունում ՀՀ նախագահի որոշումը նորովի հետաքննել մարտի 1-2-ի դեպքերը: Հանձնաժողովն ընդգծում է, որ ՀՀ իշխանությունները մարտյան դեպքերի վերաբերյալ զեկույցը պետք է ներկայացնեն մինչև 2011 թվականի վերջ, որտեղ պետք է բացատրեն 10 մարդու մահվան պատճառները և դրանց պատասխանատուները: Եթե դեպքերի համար անհատական պատասխանատվությունը չի նշվում, ապա զեկույցում պետք է մանրամասնորեն ներկայացվեն պատճառները, թե ինչու դա տեղի չի ունեցել:

Հանձնաժողովը շնորհավորում է իշխանական կոալիցիային և ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսին երկխոսությունը սկսելու կապակցությամբ և կոչ է անում կողմերին երկխոսությանը մասնակցել կառուցողաբար (հիշեցնենք, որ երկխոսությունն այս պահին առկախված ընդդիմության կողմից,քնաի որ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը գտնվում է անազատության մեջ – խմբ.):

ԵԽԽՎ-ն նաև ողջունում է 2011 թվականի մայիսի 26-ին ընդունած նոր ընտրական օրենսգիրքը` համարելով, որ այն համապատասխան հիմք է ապահովում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար: Բանաձևում նշվում է, որ  նոր օրենսգրքի լիարժեք կիրառումը միայն նախապայման կլինի նման ընտրություններ անցկացնելու համար:

ԵԽԽՎ-ն նաև իր մտահոգությունն է հայտնում Հայաստանում դատական համակարգի աշխատանքի վերաբերյալ, ինչպես նաև կրկին ընդգծում ոստիկանական համակարգի` քաղաքացիական վերահսկողության տակ անցնելու անհրաժեշտությունը:

Բանաձևի նախագծում նաև նշվում է, որ Ա1+ հեռուստաընկերության գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի կատարումը հիմք է փաստելու համար, որ 2010 թվականին Հայաստանում տեղի են ունեցել հեռարձակման կապուղիների տրամադրման համար թափանցիկ մրցույթներ: Այնուամենայնիվ, Հանձնաժողովը նաև ընդգծում է, որ մրցույթները չհանգեցրեցին ավելի բազմակարծիք ԶԼՄ-ների համար նպաստավոր միջավայրի ստեղծմանը, ինչը չի համապատասխանում ԵԽԽՎ-ի պահանջներին:

Նշենք, որ բանաձևի նախագիծը քննարկման առարկա է դառնալու ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, որն անցկացվելու է ֆրանսիական Ստրասբուրգում հոկտեմբերի 3-ից 7-ը: