Home / Հայաստան / Ինչո՞ւ է ԱԱԾ-ն միջամտել աղմկահարույց քրեական գործին. հարցնում են փաստաբանները

Ինչո՞ւ է ԱԱԾ-ն միջամտել աղմկահարույց քրեական գործին. հարցնում են փաստաբանները

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է կայանար 2010 թվականի մայիսի 12-ին կատարված 23-ամյա Խաչիկ Մկրտչյանի սպանության գործով դատական նիստը, որի ժամանակ մեղադրող Կորյուն Փիլոյանը պետք է հանդես գար մեղադրական ճառով:

Սակայն Փիլոյանը չէր ներկայացել դատական նիստին և դատարանին իր չներկայանալու համար համապատասխան գրություն չէր ներկայացրել:

Դատարան չէր ներկայացել նաև գործով անցնող մեղադրյալ Արսեն Ահարոնյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը, սակայն նա գրություն էր ուղարկել դատարան, որում ասված էր, որ դատը կարող է անցկացվել իր բացակայությամբ:

Այնուամենայնիվ, քանի որ առանց մեղադորղի դատը չէր կարող շարունակվել,  դատավորը հաջորդ դատական նիստը նշանակել է սեպտեմբերի 17-ին, ժամը 12.00-ին:

Գործով անցնող մեկ այլ մեղադրյալ Վռամ Բաղդասարյանի պաշտպաններ Նինա Կարապետյանցը և Գայանե Խաչատրյանը դատական նիստից հետո Epress.am-ին են տրամադրել հետևյալ հայտարարությունը.

«Ըստ Հելսինկյան ասոցիացիայի փաստաբաններ՝ Գ. Խաչատրյանի և Ն. Կարապետյանցի՝ Վռամ Բաղդասարյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ, ինչպես նաև թիվ 62201611 քրեական գործի հարուցման և Վ. Բաղդասարյանին առանձնապես ծանր հանցագործության համար մեղադրանք առաջդրելու առիթ է հանդիսացել ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի թիվ 2/5-22  10.01.200 թ. /օպերատիվ-հետախուզական միջոցառումներ  անցկացնելու և հետևանքների մասին/ գրությունը՝  հասցեագրված ՀՀ գլխավոր դատախազ Աղվան  Հովսեփյանին, որն էլ 10.01.10 /դեպքը տեղի է ունեցել նշված ամսաթվից 5 ամիս անց` 12.05.2010 թվականին/ այն մակագրել է Կորյուն Փիլոյանին՝ քրեական գործ հարուցելու համար:

Այս գրությունը արտառոց է հետևյալ պատճառաբանությամբ՝ ա/ քրեական գործ հարուցվել է երկրի պետական պաշտոնյաների կողմից, /որոնք վրիպակ թուլ տալու իրավունք չունեն/ անփույթ կազմված, հետևաբար անվավեր փաստաթղթի հիման վրա

բ/ խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18 հոդվածով սահմանված անմեղության կանխավարկածի սկզբունքը:

Ինչպես նաև հարց է  առաջանում՝ ինչի՞ հիման վրա և ինչո՞ւ է ՀՀ ԱԱԾ-ն միջամտել սույն քրեական գործին, որի արդյունքում  կտրուկ շրջադարձ է տեղի ունեցել և մեղադրանք է առաջադրվել Վ. Բաղադասրյանին, երբ քրեական գործը քննվել է ՀՀ Ոստիկանության համակարգում»:

Հիշեցնենք, որ այս գործով որպես մեղադրյալ է ներգրավված նաև Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի քրոջ որդին` Արսեն Ահարոնյանը, ում սպանության մեղադրանք են առաջադրել և նա ընդունել է իր մեղքը, սակայն հետո հրաժարվել էր իր ցուցմունքներից:

Ինչպես ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում հայտնել էր Հելսինկյան ասոցիացիայի անդամ, փաստաբան Նինա Կարապետյանցը, դրանից հետո գործում շրջադարձ է եղել և մեղադրանք է առաջադրվել միջադեպի այլ մասնակցի` Վռամ Բաղդասարյանին, ով չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: