Home / Հայաստան / Ոստիկանության օպերլիազորը խաբել է «Արմենտելին»

Ոստիկանության օպերլիազորը խաբել է «Արմենտելին»

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ 1-ին վարչության 3-րդ բաժնի օպերլիազորի կողմից ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ 1-ին վարչության 3-րդ բաժնի օպերլիազորը, չունենալով համապատասխան պետական գրանցում և հաշվառում, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի լիցենզիա և համապատասխան պայմանագիր, իրականացրել է լիցենզավորման ենթակա միջազգային զանգերի տերմինացիա:

Մասնավորապես` նախաքննության տվյալներով օպերլիազորը 2009 թվականից աշխատել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ 1-ին վարչության 3-րդ` բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում: Լինելով համակարգչային մասնագետ և աշխատանքի բնույթից ելնելով տիրապետելով միջազգային զանգերի տերմինացիա իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքների` 2010թ. փետրվարի 12-ից մինչեւ 2011թ. ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել է լիցենզավորման ենթակա միջազգային զանգերի տերմինացիա` առանց գրանցվելու և «Արմենտել» ընկերության հետ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի փոխկապակցման ծառայությունների մատուցման համար համապատասխան պայմանագրի:

Այդ նպատակով 2010թ. սկզբներին ձեռք է բերել միջազգային զանգերի տերմինացիա իրականցնելու համար համացանցի հասանելիությամբ ապահովված «VoIP» և «GSM» ցանցերի միակցիչ հանգույց, այլ անհրաժեշտ սարքավորումներ ու բջջային հեռախոսաքարտեր: Օպերլիազորը միջազգային մուտքային հեռախոսազանգերը նշված սարքավորումներով փոխակերպել է տեղական միջօպերատորական հեռախոսազանգերի և նույն սարքերի միջոցով վերջավորում կատարել «Արմենտելի» ցանցում` այդկերպ իրականացնելով ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն: Արդյունքում` պետությանը և «Արմենտելին» պատճառվել է ընդհանուր առմամբ շուրջ 15 մլն. դրամի վնաս:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ 1-ին վարչության 3-րդ բաժնի օպերլիազորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար, հայտնում են դատախազությունից: