Home / Հայաստան / Աղմկահարույց սպանություն. մեղադրյալի համար 15 տարվա ազատազրկում պահանջեցին

Աղմկահարույց սպանություն. մեղադրյալի համար 15 տարվա ազատազրկում պահանջեցին

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Արաբկիրում անցյալ տարվա մայիսի 12-ին կատարված 23-ամյա Խաչիկ Մկրտչյանի սպանության գործով դատական նիստը: Այսօրվա դատական նիստին մեղադրող կողմը ներկայացրեց իր մեղադրական ճառը, որն ընթերցեց դատախազ Արթուր Դավթյանը: Նա իր ճառում նշել է, որ գործով անցնող բոլոր երիտասարդների նկատմամբ որպես պատիժ պետք է ընտրվի ազատազրկումը: Սպանության մեջ մեղադրվող նա համարում է Վռամ Բաղդասարյանին, սակայն որպես դրա ապացույց բերում է միայն գործով վկայություն տված մեկ այլ մեղադրյալ Արսեն Ահարոնյանի հարազատների ցուցմունքները:

Հիշեցնենք, որ Ահարոնյանն Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի քրոջ որդին է, ում սպանության մեղադրանք են առաջադրել. նա ընդունել էր իր մեղքը, սակայն հետո հրաժարվել իր ցուցմունքներից:

Մեղադրողը գործում ներգրավված մեղադրյալների համար միջնորդեց հետևյալը.

Վռամ Բաղդասարյանի համար պահանջեց 15 տարի ազատազրկում, Արսեն Ահարոնյանի համար` 6 տարի, Պետրոս Գրիգորյանի համար` 3 տարի (նրա վրա տարածվում է համաներումը), Արթուր Փոխարյանի համար` 5 տարի, Հայկ Սանդալջյանի համար` 5 տարի, Դավիթ Սանդալջյանի համար` 4 տարի:

Մեղադրական ճառից հետո Վռամ Բաղդասարյանի պաշտպանները 20 օր ժամանակ խնդրեցին պաշտպանական ճառին պատրաստվելու համար, իսկ Արսեն Ահարոնյանի և Պետրոս Գրիգորյանի պաշտպաններն ասացին, որ 10 օրն իրենց բավական է: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 4-ին, ժամը 12.00-ին:

Դատական նիստից հետո Վռամ Բաղդասարյանի պաշտպաններից Նինա Կարապետյանցն ասել է, որ մեղադրական ճառը բացառիկ էր, որովհետև  բացառապես հիմնված էր Հովհաննես Շահինյանի քրոջ որդու հարազատների ցուցմունքների վրա:

«Ասեմ նաև, որ իրենք ցուցմուքները տվել են տարբեր ժամանակներում, և իրենց տված ցուցմունքներն իրար հակասում են, նախաքննության և դատաքնության ժամանկ տալիս են իրարամերժ ցուցմունքներ: Սա աբսուրդ է: Չկա ոչ մի ապացույց, բացի հարազատների տված ցուցմունքներից, և այդ պարագայում մարդուն մեղադրել ու 15 տարվա ազատազրկման դատապարտել չգիտեմ նույնիսկ` ինչ որակել: Առավել ևս, որ սկզբում Արսեն Ահարոնյանն իր մեղքն ընդունել էր:

Փաստորեն, դատախազությունը  սխալվել է: Մի անգամ նույն մեղադրանքը նույն հիմքերով ներկայացրել է Արսեն Ահարոնյանին, հաջորդ անգամ նույն հիմքերով,արդեն հարազատների ցուցմունքները փոխելուց հետո,  նոր մեղադրանքը ներկայացվել է Վռամ Բաղդասարյանին»,- ասել է Նինա Կարապետյանցը: