Home / Հայաստան / Մուսալեռում եփեցին ավանդական հարիսան (ՖՈՏՈՇԱՐՔ)

Մուսալեռում եփեցին ավանդական հարիսան (ՖՈՏՈՇԱՐՔ)

Այսօր Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում նշում են Մուսալեռի հերոսամարտի 96-ամյակը: Այդ առիթով Մուսալեռում ամեն տարի եփում են ավանդական հարիսան: Այս տարի հարիսայով կաթսաները 96-ն էին:

Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, Մուսալեռի բնակիչներից շատերը, այդ թվում` պատմական Մուսալեռի բնակիչները, դեռ երեկվանից մասնակցում են տոնակատարությանը: Մուսալեռի բնակիչ Էդգար Պետրոսյանի խոսքով` իրենք գիշերը վրան են խփել և մասնակցել են միջոցառմանը:

«Այդ ժամանակ արդեն հարիսայի համար վառվում են կրակներ, իսկ այդ ընթացքում մարդիկ երգում են հայրենասիրական երգեր ու պարում այդ երգերի տակ: Իսկ հարիսան այստեղ եփվում է ոչխարի մսով: Առավոտյան նույնպես շարունակվում է երգն ու պարը, մինչև հոգևորականն օրհնում է հարիսան, որից հետո այն բաժանվում է ժողովրդին»,- պատմել է Էդգար Պետրոսյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ միջոցառմանը մեծ ներդրում են ունենում պատմական Մուսալեռի բնակիչները, որոնք համախմբվել էին առանձին սեղանի շուրջ ու երգում էին հայրենասիրական երգեր:

«Այսօր մենք նույն ավանդույթներն ունենք, նույնպես կտոնենք այս Մուսալեռի հերոսամարտի ուխտը, շատ ուրախ եմ, որ այսօր հոս կգտնվիմ և կմասնակցիմ այս տոնախմբությանը: Շատ լավն էր, շնորհակալ եմ բոլոր մուսալեռցիներին և մնացած հայաստանցիներին, որ մեզ միշտ շատ լավ են ընդունում: Ես առաջին անգամ եմ  մասնակցում այս միջոցառմանը», – ասել է Լիբանանից հատուկ այս միջոցառմանը ժամանած Լիզա Քեսաբյանը, ում նախնիները պատմական Մուսալեռից են: