Home / Հայաստան / Ինչպես էր 91-ին Լևոն Տեր-Պետրոսյանը պատկերացնում անկախությունը. Բացահայտել է WikiLeaks-ը

Ինչպես էր 91-ին Լևոն Տեր-Պետրոսյանը պատկերացնում անկախությունը. Բացահայտել է WikiLeaks-ը

1991 թվականի մայիսին Լևոն Տեր-Պետրոսյանը ԽՍՀՄ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանը պատրաստվում է անկախություն հռչակել` օգտագործելով այն մեխանիզմները, որոնք նախատեսված են ԽՍՀՄ օրենսդրությամբ: Այս մասին ասված է 1991 թվականին Խորհրդային Միությունում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ Ջեյմս Քոլինզի գաղտնի փաստաթղթի մեջ, որը վերջինս ուղարկել է ԱՄՆ Պետդեպ: Փաստաթուղթը գաղտնազերծել է WikiLeaks կայքը:

Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատմել է դեսպանատան աշխատակիցներին, որ վեց ամիս առաջ Մոլդովայի նախագահ Միրչա Սնեգուրը վեց երկրների համագործակցության նախագիծ է ներկայացրել, որում միավորման պայմանագրի կնքման ոչ մի մտադրություն չկա: Այն ներառում է երեք Բալթյան երկրները, Վրաստանը, Մոլդովան և Հայաստանը:

«Այդ ժամանակ այս հանրապետությունները խորապես համոզված էին, որ կենտրոնն իրենց Խորհրդային Միության մեջ պահելու համար պատժամիջոցներ կկիրառի: Հայաստանի գերագույն խորհրդի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Հովհաննես Իգիթյանը նոր էր վերադարձել Մոլդովայից և պատրաստվում էր հաջորդ օրը Բալթյան երկրներ մեկնել այս հարցերը քննարկելու համար: Ինը երկրների կողմից հնարավոր տնտեսական ճնշումների կիրառման դեմ հակադարձ միջոցառումների մշակման աշխատանքային խմբում Իգիթյանը Հայաստանն է ներկայացնում:

Իգիթյանը նշել է, որ այս քննարկումներն ավելի պարբերական բնույթ են ստացել ապրիլի 23-ին ինը գումարած մեկ հռչակագրի ստորագրումից հետո: Նա հավելել է, որ վեց հանրապետությունների առաջնորդները դեռևս չեն հանդիպել, որովհետև իրենց սեփական գործերով են զբաղված:

Տեր-Պետրոսյանը  պնդում էր, որ վեց երկրների նկատմամբ ցանկացած տիպի տնտեսական պատժամիջոցների կիրառման դեպքում չափազանց դժվար կլինի հաղթահարել դրությունը խորհրդային տնտեսական համակարգի պատճառով: Նա վստահեցրել է, որ վեց հանրապետությունների տնտեսական սերտ համագործակցության դեպքում կենտրոնի կամ ինը պետությունների համար դժվար կլինի միջոցառումներ կիրառել առանց համապատասխան հակահարված ստանալու:  Այսպիսով, նա եզրակացրեց, որ նման տնտեսական ճնշումը բացասաբար կանդրադառնա կենտրոնի վրա», – գրում է ամերիկացի դիվանագետը:

Քոլինզը փաստաթղթի «Օրինական ճանապարհ դեպի անկախություն» վերնագրված հատվածում նշում է, որ Տեր-Պետրոսյանը դեսպանատան աշխատակիցներին ներկայացրել է, թե ինչպես է տեսնում Հայաստանի անկախության ճանապարհը:

«Նախ Հայաստանը մտադիր է օգտվել ինքնորոշման մասին Խորհրդային միության օրենքից: Այս գործընթացը կսկսվի սեպտեմբերի 21–ին կայանալիք անկախության մասին հանրաքվեով: Հանրաքվեից անմիջապես հետո պաշտոնատար անձինք պատրաստվում են ընտրություններ անցկացնել: Ընտրություններից հետո, Հանրապետության գերագույն խորհուրդը նոր սահմանադրություն կստեղծի: Եվ վերջապես երկիրը կավարտի Խորհրդային Միությունից անկախանալու վերջնական քայլերը: Տեր-Պետրոսյանն ու Հայաստանի Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վարդանյանը չկարողացան հստակ ժամկետներ նշել և ընդգծեցին, որ գործընթացը կարող է երկար ժամանակ խլել: Պետրոսյանը նշել է, որ օրինական ճանապարահով անկախության հասնելու Հայաստանի ընտրությունը վրդովվեցրել է կենտրոնին, այդ իսկ պատճառով վերջինս փորձում է սրել հայ-ադրբեջանական խնդիրը», – գրում է Քոլինզը:

Դիվանագետի խոսքով` ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները Երևանում նաև հանդիպել են Հայաստանի կոմունիստական կուսակցության և կառավարության մի քանի պաշտոնյաների:

Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Ստեփան Պողոսյանը մայիսի 13-ին հրաժարական է տվել, քանի որ, նրա խոսքով, չի ցանկացել Հայաստանի դեմ գործելու նպատակով կենտրոնի հետ համագործակցել:

Տեղի կառավարության անդամներից մեկը` Սերժիկ Դովլաթբեկյանը պատմել է դեսպանատան աշխատակիցներին, որ Պողոսյանը հրաժարական է տվել, քանի որ իրեն խնդրել են «Ազգի փրկության» կոմիտե ստեղծել, որը կաշխատի Հայաստանի անկախացմանն ուղղված շարժման դեմ: Մեկ այլ պաշտոնյա` Կամո Քոչարյանը, նշել է, որ Պողոսյանը հրաժարական է տվել, քանի որ «չի ցանկացել դավաճանել իր ժողովրդին»: Այլ պաշտոնյաները պատմել են, որ Պողոսյանի համար վերջին կաթիլն այն էր, երբ նա հանդիպում խնդրեց Գորբաչյովից Գետաշենի և Մարտունաշենի տեղահանության հարցը քննարկելու համար և մերժում ստացավ:

«Հայաստանի կոմունիստական կուսակցության նախկին ակտիվիստ և ԽՍՀՄ ԽՄԿԿ վերահսկողական հանձնաժողովի անդամ Ջեմա Անանյանը մարմնավորում է տեղի կոմունիստների հիասթափությունը ԽՄԿԿ-ից և Կենտրոնական կոմիտեից: Երբ մայիսի 15-ին դեսպանատան աշխատակիցները հանդիպել են Անանյանին Իջևան քաղաքում, նա իր հիասթափությունն ու զզվանքն է արտահայտել Կենտրոնական կոմիտեի նկատմամբ: Նա մեղադրել է Կենտկոմին «հայերի դեմ պետական տեռորի արշավ» կազմակերպելու մեջ: «Ես կոմունիստական կուսակցությանը նվիրված և հավատարիմ անդամ եմ եղել մոտ 40 տարի և ահա թե ինչպես են նրանք վարվում մեզ հետ», – ասել է Անանյանը: Նա դեսպանատան աշխատակիցներին է ներկայացրել ԽՄԿԿ-ին ներկայացրած հրաժարականի իր դիմումը: Նա նաև իր զարմանքն է արտահայտել որ Նոբելյան խաղաղության մրցանակը ցանկանում են շնորհել մի մարդու, ով տեռորի նման արշավ է իրականացնում (նկատի ունի Գորբաչյովին – Epress.am)», – գրել է Քոլինզը:

Փաստաթղթի վերջնամասում ամերիկացի դիվանագետը կրկին անդրադարձել է Տեր-Պետրոսյանի հետ զրույցին:

Վերջինս պատմել է ամերիկացիներին, որ հայ պաշտոնյաները բանակցություններ են վարում Խորհրդային բանակի հետ հայ զորակոչիկների կարգավիճակի մասին և այն հարցի շուրջ, թե նրանք որտեղ պետք է ծառայեն:

Ըստ նախնական պայմանավորվածության, Հայաստանն այդ առումով իր առանձին համաձայնագրերը կստորագրի այլ երկրների հետ:

Տեր-Պետրոսյանը նշել է, որ իրենք նման համաձայնագրի ստորագրման ավարտական փուլում են, օրինակ, Լիտվայի հետ: Հայաստանի առաջնորդը նշել է, որ Խորհրդային միության պաշտպանության նախարար Դմիտրի Յազովը համաձայնություն է տվել այս համաձայնագրին:

«Տեր-Պետրոսյանի խոսքով` Հայաստանը հատկապես կարևորում էր այս հարցի լուծումը` հաշվի առնելով ռուսական զորքերի հետ ունեցած իրենց պատմական փորձը: Նա ասաց, որ 1918 և 1942 թվականներին ռուսական բանակը Հայաստանին միայնակ է թողել թշնամու դեմ և երկիրը չի պաշտպանել թշնամու ուժերից: «Մեր սեփական բանակն ունենալու դեպքում, նման բան չէր պատահի»,- ասել է նա», – գրել է Քոլիզնը:

Լուսանկարը` levonpresident.am