Home / Հայաստան / ՀԱԿ առաջնորդը վերահաստատում է բեկման մասին հայտարարությունը և պահանջում է

ՀԱԿ առաջնորդը վերահաստատում է բեկման մասին հայտարարությունը և պահանջում է

Հայ ժողովուրդը որևէ կերպ մտադիր չէ հաշտվել սեփական երկրում ոչ օրինակարգ, հանցագործ, անբարեկիրթ ու ամբարտավան իշխանություն ունենալու մտքի հետ։

Այս մասին ՀԱԿ-ի սեպտեմբերի 23-ի հանրահավաքին հնչեցրած իր ելույթում ասել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Ամենայն պատասխանատվությամբ ղեկավարելով համաժողովրդական շարժումը` Հայ Ազգային Կոնգրեսը մինչ այժմ ձգտել է այդ նպատակին հասնել բացառապես խաղաղ, օրինական ճանապարհով, և երկխոսության մեջ մտնելով իշխանությունների հետ, փորձել է քաղաքական ճգնաժամը հաղթահարել քաղաքակիրթ միջոցներով։ Բայց «կիրթ» արմատից կազմված բառերը, կարծես թե, խորթ են հնչում իշխանությունների համար, և նրանք հասկանում են միայն ճնշումների լեզուն: Հետևաբար, այսօրվանից մենք պետք է ավելացնենք մեր ճնշումները և առավել հաճախակի ու մարդաշատ հանրահավաքների, ինչպես նաեւ զանգվածային այլ միջոցառումների միջոցով ստիպենք իշխանություններին՝ կատարելու մեր պահանջները, որոնք են.

1. Մինչև տարվա վերջ անցկացնել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ։

2. Ընտրություններից առաջ ՀՀ ընտրական օրենսգրքում կատարել էական փոփոխություններ, նրանցում ընդգրկելով մեր ներկայացրած հայտնի առաջարկները։

3. Առաջիկա երեք ամիսների ընթացքում բացահայտել 2008թ. մարտի 1-ի տասը սպանությունները եւ քրեական հետապնդում սկսել դրանց պատասխանատուների նկատմամբ։

4. Ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին եւ կարճել Կոնգրեսի յոթ երիտասարդ ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործերը։

5. Վերացնել Երեւան քաղաքում փողոցային առեւտրի վրա դրված անօրինական արգելքը։

6. Չեղյալ հայտարարել Երեւանում տեղադրված կրպակների ապամոնտաժման վերաբերյալ ընդունված որոշումը։

7. Դադարեցնել մայրաքաղաքի ճարտարապետական նկարագրի այլանդակումը եւ արգելել Երևանի կենտրոնում բարձրահարկ շենքերի կառուցումը։

8. Օրենքով արգելել բարձրաստիճան պետական պաշտոնյաների, Ազգային Ժողովի պատգամավորների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից մամուլի միջոցների եւ լրագրողների դեմ դատական հետապնդումների հարուցման պրակտիկան», – ասել է ընդդիմության առաջնորդը:

Նա նշել է, որ առավել դժվարինը առաջին երկու պահանջների կատարումն է:

«Ուստի հարկ ենք համարում հայտարարել, որ մենք մաքսիմալիստ չենք, և պատրաստ ենք լրջորեն վերաբերվել այդ առթիվ իշխանությունների առաջարկած ցանկացած ողջամիտ փոխզիջման։ Ինչպես նշել եմ իմ նախորդ ելույթում, սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին Հայաստանի քաղաքական ճգնաժամի հաղթահարման հարցում լուրջ բեկում կամ վերջնական հստակեցում է տեղի ունենալու։ Այս պնդման հավաստիացումը դուք կստանաք հաջորդ հանրահավաքում, որը կկայանա սեպտեմբերի 30-ին», – նշել է Տեր-Պետրոսյանը։