Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը Նյու Յորքում խոսել է Ադրբեջանի սև «փիառ»-ի մասին

Սերժ Սարգսյանը Նյու Յորքում խոսել է Ադրբեջանի սև «փիառ»-ի մասին

Հայաստանը բարձր է գնահատում համաշխարհային և տարածաշրջանային կառույցների ու կազմակերպությունների միջնորդական ջանքերն աշխարհի տարբեր մասերում խաղաղության և անվտանգության պահպանման, խաղաղ բանակցությունների միջոցով հակամարտությունների կարգավորման գործում: Այս մասին ՄԱԿ-ի 66-րդ Ասամբլեայում հնչեցրած իր ելույթում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այս առումով հարկ է շեշտել տարածաշրջանային կազմակերպությունների ներգրավվածությունը, որոնք միջնորդական առաքելու­թյունների բնագավառում կուտակել են հսկայական փորձառություն, խորությամբ են տիրապետում տեղի քաղաքական, մշակութային և ռազմական իրողու­թյուններին: Միջնորդական գործունեության հաջողությունը պայմանավորված է նաև հստակորեն ձևա­կերպված լիազորություններով: Այս առումով մեզ համար ակնառու օրինակ է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հակա­մարտության կարգավորման հարցում», – ասել է Սարգսյանը:

Նա հիշեցրել է, որ երեք տարի առաջ, խոսելով նույն ամբիոնից, նշել է, որ ժամանակն է եկել լուրջ անդրադարձ կատարելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացմանը 21-րդ հարյուրամյակի պայմաններում:

«Այսօր մենք ականատես ենք այս անքակտելի իրավունքի իրացման նոր օրինակների: Ցանկանում եմ շնորհավորել Միավորված ազգերի կազմակերպության նորընտիր՝ 193-րդ անդամին՝ Հարավային Սուդանի Հանրա­պետությանը: Նրա ճանապարհը մինչև այս դահլիճում տեղ ունենալը երկար էր ու դժվարին, սակայն Հարավային Սուդանի ժողովուրդն ազատ կամարտա­հայ­տությամբ իրականացրեց ազատ ու անկախ ապրելու իր իրավունքը` անցնելով այն ճանապարհով, որով անցել են այս դահլիճում ներկա` ՄԱԿ-ի բազմաթիվ անդամ-պետություններ: Միևնույն ընտրությունը երկու տասնամյակ առաջ կատարել է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, իրականացնելով ինքնորոշման իր իրա­վունքը, դիմակայելով Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին և արյան գնով նվաճելով իր ազատ ապրելու իրավունքը:

Մենք շնորհակալ ենք համանախագահ երկրներին, այդ երկրների ղեկավարներին իրենց միջնորդական ջանքերի համար: Սակայն միջնորդները չեն կարող բանակցող կողմերի փոխարեն համաձայնություն կայացնել:

Փոխհամաձայնության հասնելու Ադրբեջանի ցանկության բացակայու­թյունը, նրա որդեգրած «ամեն ինչ կամ պատերազմ» կեցվածքը թույլ չեն տալիս առաջընթաց արձանագրել բանակցություններում: Չնայած բոլոր սպասելիքներին, միջազգային հանրության բարձր մակարդակի հորդորներին, վերջին՝ կազանյան հանդիպմանը Ադրբեջանը կատարեց հերթական հետքայլը՝ մերժելով նախորդ փուլերում ձեռք բերված համաձայնությունները և փորձելով փաստացիորեն ձախողել բանակցային գործընթացը:

Բաքուն հայատյացությունը դարձրել է պետական քարոզչություն՝ հասցնելով այն առավել քան վտանգավոր մակարդակի: Սա միայն մեր գնահատականը չէ. այս մասին ահազանգում են նաև ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի միջազգային մասնագիտացված կառույցները: Առավել վտանգավոր է, երբ հայատյաց գաղափարները խորանում են ադրբեջանցիների երիտասարդ սերնդի մեջ` վտանգելով նաև խաղաղ գոյակցության ապագան:

Մերժելով ու ոչնչացնելով ամեն հայկականը` Բաքուն համառությամբ շարունակում է բոլոր մակարդակներով և ամենուր, այդ թվում և այստեղ՝ ՄԱԿ­ի շրջանակներում տարածել կեղծ մեղադրանքներ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և հայերի մասին: Ադրբեջանական քարոզչամեքենան պարբերաբար համաշխարհային և սեփական հանրությանը շարունակում է ներարկել, այսպես կոչված, «հայերի վայրագությունների», մասնավորապես՝ անչափահաս երեխաների սպանության մասին սահմռկեցուցիչ ստերով: Նման պատմությունները հորինվում և տարածվում են շատ պարզունակ և, միևնույն ժամանակ, ցավալի տրամաբանությամբ. այդ տրամաբանությունը հետևյալն է` հաստատ կգտնվեն մարդիկ, ովքեր կուլ կտան Հայաստանի նկատմամբ այս սև «փիառ»-ի խայծը, և դա արդեն իսկ օգտակար է:

Հայատյացության դրսևորումների վտանգավոր աճը ոչ միայն չի կարող նպաստել տարածաշրջանում վստահության մթնոլորտի ձևավորմանը, այլ հարց է առաջացնում` մի՞թե այսպես է այդ երկիրը հասկացել ՄԱԿ-ի նպատակները` «դրսևորել հանդուրժողականություն, ապրել խաղաղության մեջ միմյանց կողքին»: Նման ըմբռնումով ոչ միայն անթույլատրելի, այլ նույնիսկ վտանգավոր է հավակնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամությանը», – նշել է ՀՀ նախագահը: