Home / Հայաստան / Կազակները պատրաստվում են պատասխանել ուժայիններին և հայ համայնքին

Կազակները պատրաստվում են պատասխանել ուժայիններին և հայ համայնքին

Արտյոմովսկ քաղաքում ավելի քան 100 մարդկանց ձերբակալությունից հետո Սվերդլովսկի շրջանի կազակները «որոշել են իրենց անբասիր անունը» պաշտպանել: Նրանք նոր հանդիպում են նախապատրաստում, որին, բացի տարածաշրջանի ղեկավարից, հրավիրվելու է նաև Ուրալի դաշնային շրջանի լիազոր ներկայացուցիչ Եվգենի Կուվաշևը:

«Նեզավիսիմայա գազետայի» փոխանցմամբ` հավաքի համար առիթ են հանդիսացել անցյալ շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները, երբ ձերբակալվել էին իրենց մոտ զենքի բավականաչափ մեծ քանակություն ունեցող մի խումբ երիտասարդներ, որոնց թվում էին եղել նաև Օրենբուգի որոշ պաշտոնյաներ: Ուժայինները ձերբակալվածներին կասկածում են քաղաքի հայկական համայնքի դեմ ակցիայի նախապատրաստման մեջ:

Պարբերականի տեղեկությունների համաձայն, տեղի բնակիչները հայկական սփյուռքին մեղադրում են Արտյոմովսկի իշխանական լծակներն իրենց ձեռքը վերցնելու և իշխանական մարմիններին փոխարինելու մեջ: Հայ համայնքի հակառակորդների նյութերում ասված է, որ ներգաղթյալները գրավել են քաղաքի տնտեսությունը և քաղաքային իշխանություններն իրենց շահերին են համապատասխանեցնում: Անցյալ շաբաթ անցկացրած հատուկ գործողություններից հետո ոստիկանությունը հայտարարեց քաղաքում անկարգությունների բռնկման կանխման մասին, իսկ ձերբակալվածները պնդում են, որ պատրաստվում էին ընդամենը քաղաքի հարցերը քննարկել:

Նահանգապետ Ալեքսանդր Միշարինը խրախուսել է ուժայինների գործողությունները: Սակայն Օրենբուրգի շրջանի կազակների ռազմական համայնքի ատաման, Սվերդլովսկի շրջանի կառավարության փոխվարչապետ Վլադիմիր Ռոմանովն իր աջակցությունն է հայտնել համայնքի ներկայացուցիչներին: Կազակները որոշում են կայացրել նոր ընդհանուր հավաք կազմակերպել` նվիրված կազակների աննախադեպ ձերբակալությանը:

Այն պետք է տեղի ունենա դեպտեմբերի 25-ին: Կազակները հրավիրել են տեղի իշխանության և ոստիկանության ներկայացուցիչներին:

«Հաշվի առնելով այն, որ կազակներին վիրավորել են` նրանց հանցագործների հետ նույնականացնելով, բնակչության աչքերում հեղինակազրկել են հենց շարժումը, կազակները որոշել են պարզաբանում մտցնել ստեղծված իրավիճակի մեջ»,-ասել է Սրեդնեուրալսկ շրջանի կազակների համայնքի ղեկավար Վիկտոր Սեմինը: Նա կարծում է, որ արդար չէր իրավիճակը որպես երկու հանցավոր խմբավորման ընդհարում որակելը, և մտադիր է ապացուցել իր դիրքորոշումը իշխանության ներկայացուցիչներին, ինչպես նաև հարցեր ուղղել Սվերդլովսկի շրջանի ոստիկաններին, որոնք, ըստ նրա, հեղինակազրկում են իրենց շարժումը:

Պարբերականը նշում է, սակայն, որ նյութերի պատրաստման ընթացքում տեղական իշխանության ներկայացուցիչներից ոչ ոք չի հաստատել հավաքին մասնակցելու հրավերի մասին տեղեկությունները: