Home / Հայաստան / ՀԱԿ-ն արդեն սկսել է ընտրապայքարը, համոզված է Դավիթ Հարությունյանը

ՀԱԿ-ն արդեն սկսել է ընտրապայքարը, համոզված է Դավիթ Հարությունյանը

ՀԱԿ-ի հետ երկխոսության ընթացքում կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավար, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը պատասխանել է ՀԱԿ-կոալիցիա երկխոսության հնարավոր վերսկսման մասին «Առավոտ» օրաթերթի հարցերին:

– Սեպտեմբերի 30-ին ավարտվում է ՀԱԿ-ի սահմանած վերջնաժամկետը, և եթե իշխանությունը չփոխի Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը` արդեն իսկ առկախված երկխոսությունը ՀԱԿ-ը կհամարի ավարտված: Կարո՞ղ ենք արդեն իսկ արձանագրել, թե երկխոսությունը ձախողված է, թե՞ մինչև ուրբաթ օրն այս կապակցությամբ դեռ հնարավոր եք համարում որևէ փոփոխություն:

– Ի սկզբանե պարզ էր, որ եթե կողմերը երկխոսության ժամանակ խոսում են վերջնագրերով, ապա այդ երկխոսությունը, իհարկե, ձախողված էր լինելու: Եվ կարծում եմ, որ երկու կողմերն էլ երկխոսությունը սկսելուց քաջ գիտակցում էին, որ երկխոսությունը վերջնագրերով խոսելը չէ, այլ սեփական փաստարկները ներկայացնելն ու դիմացինի փաստարկները լսելը: Եվ անգամ այն պարագայում, երբ ի վերջո չեք համաձայնում ու չեք գտնում ընդհանուր եզրեր, այնուամենայնիվ` ավելի լավ եք պատկերացնում յուրաքանչյուր կողմի փաստարկները:

Ինձ համար երկխոսությունը շարունակվում է մնալ այն կարևոր հնարավոր հարթակներից մեկը, որը կարող է ծառայել երկրի առաջընթացին:

Սեպտեմբերի 23-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր Պետրոսյանը 8 պահանջներ առաջադրեց` այս անգամ տարեվերջը նշելով արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման վերջնաժամկետը: Արդյոք սեպտեմբերի 30-ից հետո կոալիցիայի աշխատանքային խումբը հրապարակելո՞ւ է իր կազմած այն փաստաթուղթը, որը սկսել էր ընթերցել ՀԱԿ-ի պատվիրակության համար` ժխտելով արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը:

– Այս պահին մենք դեռևս չենք պատրաստվում այն հրապարակել, քանի որ, ինչպես նշել ենք`ճիշտ ենք համարում փաստաթուղթը ներկայացնել երկխոսության մյուս կողմին ու նոր` հանրության դատին: Ինչ վերաբերում է նոր պահանջներ ներկայացնելուն ու նոր վերջնաժամկետներ սահմանելուն` կարծում եմ, որ ՀԱԿ-ն ուղղակի արդեն սկսել է ընտրապայքարը: Իսկ ընտրապայքարում քաղաքական յուրաքանչյուր մասնակից ստանձնում է որոշակի դերակատարում, հայեցակարգ, որով էլ գնում է ընտրությունների` անկախ նրանից, թե դրանք հերթակա՞ն են, թե՞ արտահերթ: Անգամ հերթական ընտրությունների պարագայում ՀԱԿ-ը փորձելու է օգտագործել իր որոշակի ծայրահեղական հարցադրումները`որպես հիմք իր ներկայացրած պահանջների և շահելու համար դժգոհ ընտրազանգվածի ձայները: Այսինքն` ես այս ամենը դիտում եմ ընտրություններինն ընդառաջ զուտ քաղաքական համատեքստում:

– Հոկտեմբերի 7-ին ԵԽԽՎ-ն քննարկելու է Հայաստանի պարտավորությունների կատարման վերաբերյալ հերթական զեկույցը: Այն թերևս աննախադեպ է այն առումով, որ բավական դրական շեշտադրումներ է պարունակում: Ինչպե՞ս Ձեզ`իբրև իշխանության ներկայացուցչի, հաջողվեց հասնել նման արդյունքի:

– Կարծում եմ` այս առումով իշխանության հաջողել-չհաջողելու մասին չէ, որ պետք է խոսենք: Սա օբյեկտիվ գնահատական է` այս զեկույցը չի կարելի գնահատել իբրև զուտ դրական, զեկույցում մատնանշված են բազմաթիվ`դեռևս առկա խնդիրներ: Զեկույցը միշտ պետք է գնահատենք որպես կողմնակի դիտորդի հայացք, թե արդյոք մեր առջև ծառացած բոլո՞ր խնդիրներն են, որ այնտեղ արտացոլված են: Վստահ եմ, որ ո´չ: Վերջիվերջո, չպետք է մոռանանք, որ սա զուտ գնահատական է. խնդիրները մե´նք մեզ համար պետք է առաջադրենք և ստանձնենք դրանց լուծումը: