Home / Հայաստան / Հայաստանին և Թուրքիային ոչ ոք չի կարող պարտադրել, պնդում են դեսպանները

Հայաստանին և Թուրքիային ոչ ոք չի կարող պարտադրել, պնդում են դեսպանները

Ոչ ոք դրսից չի կարող Հայաստանին, Ադրբեջանին և Թուրքիային պարտադրել անել այս կամ այն քայլերը: Այդ երկրները պետք է միասին նստեն և լուծեն խնդիրները:

Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «Անկախության 20 տարիները Հայաստանում և տարածաշրջանում» թեմայով քննարկմանն ասել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Մարշալ Էվանսը: «Ինչպես գիտեք, մենք հաճախ բարդ հարաբերություններ ենք ունենում Թուրքիայի հետ, ինչպես, օրինակ, Իրաքի հետ պատերազմում Թուրքիան մերժեց զորքեր մտցնել Իրաք: Այնպես որ Ամերիկան չի կարող պարտադրել, այն կարող է տարբեր ձևաչափերով նպաստել գործընթացներին, բայց կոնֆլիկտի լուծումը այդ երկրների խնդիրն է»,- ասել է Էվանսը:

Հանդիպմանը ներկա Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը նույնպես շեշտել է, որ «դրսի աշխարհը» չի կարող որոշում պարտադրել:

«Եվրամիությունը ևս կատարում է քայլեր Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, սակայն ոչինչ պարտադրել չի կարող», – ասել է նա:

Շմիդտը նշել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում ամենակարևոր քայլը երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է, որից հետո կսկսվեն այլ հարցերի շուրջ քննարկումները:

«Կարևորն այն է, որ կողմերը հասկանան, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատելով՝ ոչ ոք ոչ մեկին լավություն չի անում, դա նորմալ գործընթաց է», – նշել է դեսպանը: