Home / Հայաստան / Բուժումը` տանը. բանակում խելագարված զինվորին դուրս են գրել հոգեբուժարանից

Բուժումը` տանը. բանակում խելագարված զինվորին դուրս են գրել հոգեբուժարանից

Հուլիսին Ասկերանի զորամասերից մեկում խելագարված զինծառայող Հովհաննես Վարդանյանը 4 օր առաջ դուրս է գրվել Նորքի հոգեբուժարանից:

Այս մասին Epress.am-ին հայտնել է հոգեբուժարանի գլխավոր բժիշկ Անաիդա Գևորգյանը:

«Նկատվում էին դրական փոփոխություններ, և արդեն հնարավոր էր բուժումը շարունակել տնային պայմաններում»,- ասել է բժիշկը:

Epress.am-ի հետ զրույցում Հովհաննես Վարդանյանի հայրը՝ Վարդան Վարդանյանը, ասել է, որ իր որդին գտնվում է տանը, և որոշակի դրական փոփոխություն է նկատվում նրա առողջության մեջ:

«Կարևորն էն ա, որ տղես կարողանում ա քնի, ճիշտ ա` ուշ ա քնում, շուտ արթնանում, բայց քնում ա: Հոգեբանն ու հոգեբույժը երկու անգամ այցելել են»,- ասել է Վարդանյանը:

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ում բնակվող հոգեբույժ Լիանա Հովսեփյանը պատրաստակամություն է հայտնել օգնել Վարդանյանին:

«Ինքը մեզ հետ կապվել ա, ասեց, որ տեսել ա տեսանյութերը ու որոշել ա օգնի: Արդեն 3 ամսվա դեղ ա ուղարկել, ու ասեմ, որ դրանք բավական թանկ դեղեր են»,- նշել է զինվորի հայրը:

Վարդանյանը հայտնել է նաև, որ ոչ մի տեղեկություն չունի, թե որքան գումար է հավաքվել իր որդու համար կազմակերպված ակցիայի շրջանակներում:

«Լավ բան են արել, բայց ոչ մի գումարից ես տեղեկություն չունեմ, որ ունենայի, կասեի` ունեմ»,- նշել է նա:

Նշենք, որ շաբաթ օրը` սեպտեմբերի 17-ին, առավոտյան ժամը 9-ին երևանցի մի խումբ երիտասարդներ Ազատության հրապարակում հավաք են կազմակերպել, որի ընթացքում մարդկանց բաժանել են Արդշինինվեստբանկում բացած այն հաշվեհամարը, որի վրա ցանկացողները կարող են գումար փոխանցել` ի օգնություն Հովհաննես Վարդանյանի ծնողների:

Հիշեցնենք, որ Ասկերանի զորամասերից մեկում զինծառայող Հովհաննես Վարդանյանի նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ հրապարակումների առիթով ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի ցուցումով քրեական գործ է հարուցվել: Առայժմ քրեական գործի մանրամասները չեն հրապարակվել: