Home / Հայաստան / Հրամանատարը թանկ է վճարել «Հայաստանին ժամկետնանց զինամթերք վաճառելու» համար

Հրամանատարը թանկ է վճարել «Հայաստանին ժամկետնանց զինամթերք վաճառելու» համար

Մոլդովայում աշխատանքից ազատվել է Ազգային բանակի հրամանատար և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բրիգադի գեներալ Յուրի Դոմինիկը:

Նախարարների կաբինետի որոշման մեջ ասված է, որ գեներալն ազատվել է աշխատանքից «ռազմական կարգապահության ամրապնդման և ապագայում կանոնադրական հարաբերությունների խախտումներից խուսափելու համար»:

Մոլդովայի նախագահի հանձնակատար Մարիան Լուպուն առաջարկել է թոշակի ուղարկել գեներալ Դոմինիկին, քանի որ անցած շաբաթ մոլդովական բանակում զինվորներից մեկը զենքի սխալ կիրառման հետևանքով սպանել է զինակցին: Մահվան ելքով այս միջադեպը երկու տարվա մեջ 4-րդն է:

Սակայն չի բացառվում, որ պաշտոնանկությունն այլ պատճառ էլ ունի, որը կապված է Մոլդովայի Ազգային բանակի զինանոցից ժամկետնանց զինամթերքի վաճառքի հետ: Որոշ տեղեկությունների համաձայն, սեպտեմբերի 12-ին լիբիական Բենղազի քաղաքից Մոլդովա է ժամանել Իլ-76 ինքնաթիռը, որը սեպտեմբերի 14-ին ժամկետնանց 30 տոննա զենք է փոխադրել Հայաստան: Այս գործողությունները փորձել են իրականացնել գաղտնի կերպով:

Սակայն հետաքննությունը ոչ մի հակաօրենսդրական գործողություն չի հայտնաբերել:

Սեպտեմբերի վերջին Վարշավայում Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը պետք է հանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ով իր դժգոհությունը կհայտնի նրան Հայաստանին զենք վաճառելու կապակցությամբ: Գործարքի համար պատասխանատու է գեներալ Դոմինիկը:

Իր հերթին, Հայաստանը հայտարարում է, որ չի գնել հնացած զինամթերք «Հայաստանի զինված ուժերի կարիքների համար զինամթերքի ձեռքբերումն  իրականացվում է հանրապետության օրենսդրության և համապատասխան միջազգային նորմերի և պարտավորությունների շրջանակներում»,- հայտարարել էր պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը: