Home / Հայաստան / Ալեքսանդր Արզումանյանը չի բացառում, որ իրեն կտեսնեն Ազատության հրապարակում

Ալեքսանդր Արզումանյանը չի բացառում, որ իրեն կտեսնեն Ազատության հրապարակում

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ով 2008 թվականի նախագահական ընտրություններին ընդդիմադիր թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավարն էր, եղել է և լինելու է այնտեղ, որտեղ ժողովուրդը պայքարում է ռեժիմի տապալման համար: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ինքը` Արզումանյանը, և հավելել, որ դրական է գնահատում Կոնգրեսի պայքարի այս ձևը:

Հիշեցնենք, որ երեկ Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի ժամանակ որոշում է կայացվել մեկ շաբաթվա ընթացքում շուրջօրյա հանրահավաքներ անցկացրել:

«Ես ցանկացած բողոքի ակցիա, որը նպաստում է ռեժիմի տապալմանը, ողջունում և դրական եմ գնահատում: Եվ իմ ամենօրյա գործունեության միջոցով էլ նպաստում եմ ռեժիմի տապալմանը»,- ասել է նա:

Մեր այն հարցին, թե, այնուամենայնիվ, ժողովուրդը կտեսնի Արզումանյանին Ազատության հրապարակում, վերջինս պատասխանել է.

«Ինչու ոչ, ինձ կարող եք տեսնել Ազատության հրապարակում: Իհրակե, դեռ կորոշվի, թե ինչպիսի մասնակցություն կունենամ, բայց որտեղ ժողովուրդն է պայքարում, այնտեղ ես կանգնած եմ», – հավելել է Արզումանյանը: