Home / Հայաստան / Լևոն Տեր-Պետրոսյան. «Ռոբերտ Քոչարյանը մարած քարտ է»

Լևոն Տեր-Պետրոսյան. «Ռոբերտ Քոչարյանը մարած քարտ է»

Ազատության հրապարակում կայացած այսօրվա իր ելույթում ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեծ քաղաքականություն վերադառնալու մասին զրույցներին:

«Ո՞րն է մեր մամուլի ամենաշատ շրջանառվող թեման: Դա Ռոբերտ Քոչարյանի վերադարձի թեման է: Ինձ համար սա շինծու թեմա է, որովհետև որևէ բանական մարդու համար Ռոբերտ Քոչարյանն արդեն մարած քարտ է: Նա քաղաքական գործիչ չէ և երբեք չի եղել: Նա երբեք որևէ կուսակցության կամ համակարգի շնորհիվ կամ ժողովրդական հենարանի շնորհիվ քաղաքականություն չի եկել: Նա կարողացել է միշտ հարմարվել ինչ-որ սիստեմի: Սովետական Միության ժամանակ Սովետական Միության սիստեմին, ՀՀՇ-ի ժամանակ ՀՀՇ-ի սիստեմին: Նա ՀՀՇ-ի կարկառուն ներկայացուցիչ էր, ՀՀՇ վարչության անդամ: Էդտեղ իմ սխալն էլ կա, մեր իշխանության մեջ մտավ: Հիմա նա խոսում է իր վերադարձի հնարավորության մասին: Չգիտեմ` այդ մարդը լուսնի վրա է ապրում, որտեղ է ապրում: Ժողովուրդը ո՞րքան հիմար կամ մազոխիստ պիտի լինի, որ հասարակական պահանջարկ ներկայացնի մի մարդու, որը գնդակոծել է իրեն: Նա միայնակ ու դժբախտ մարդ է: Նա միակ մարդն է, որ գիշերները չի կարող հանգիստ քնել: Նա այնպիսի հանցանքներ է գործել, որ չի կարող հանգիստ ապրել: Նա կարող է նաև ոչ խելամիտ քայլեր անել, որից մեկը նրա երեկվա հայտարարությունն է: Դա մեզ համար պրոբլեմ չէ, և եթե պրոբլեմ է` միայն պրոբլեմ է Սերժ Սարգսյանի համար: Հարյուր տոկոսով համոզված եմ, որ Դաշնակցությունը երբեք չի մտնի ուրիշի արյունը թափած ուժի տակ, նույնը չի անի ԲՀԿ-ն: Նրանք հիմար չեն, որ իրենց անունը կապեն Ռոբերտ Քոչարյանի հետ: Ով իր անունը կապի Ռոբերտ Քոչարյանի հետ, կընկնի արյան պատասխանատվության տակ: Կարող է Վարդան Օսկանյանը եղբայրանալ Քոչարյանի հետ, ինչպես միշտ եղել: Հասկանալի է, թե ինչու, որովհետև մարտի1-ի սպանդի մեջ իր մեղքն ունի նաև Վարդան Օսկանյանը: Ես այս թեման ավարտեցի և այլևս չեմ անդրադառնա Քոչարյանին, այլևս չեմ խոսի, դուք էլ մոռացեք, խնդրում եմ այդպիսի գործոն գոյություն չունի», – ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Ընդդիմության առաջնորդն առանձին անդրադարձ է կատարել նաև ԲՀԿ-ին:

«ԲՀԿ-ն հայտարարեց, որ մենակ է գնալու ընտրությունների և որ իր գլխավոր մրցակիցը տեսնում է ՀՀԿ-ին: Սա մի կողմից լավ է, որ մրցակցություն է առաջանում, ՀՀԿ-ի մոնոպոլիան վերանում է: ԲՀԿ-ն շատ ավելի բնական կուսակցություն է, գտնվեց մի լիդեր, որն իր տնտեսական կարողություններով կարողացավ որոշակի բաների հասնել: Իր համակիրների բանակը ստեղծեց, որը հայաստանածին է:  Չի կարելի հաշվի չնստել այս ուժի հետ, ես համարում եմ, որ մենք ավելի շատ հաշվի պիտի նստենք ԲՀԿ-ի հետ, քան ՀՀԿ-ի, քանի որ վերջինս օպորտունիսնտերի մի խումբ է, որը տիրեց իշխանությանը: Ես կարծում եմ, որ մենք ավելի պետք է հաշվի նստենք ԲՀԿ-ի հետ, որովհետև դա կուսակցություն է, իսկ ՀՀԿ-ն կուսակցություն չէ», – ասել է Տեր-Պետրոսյանը: