Home / Հայաստան / «Ով-ով, բայց Տեր-Պետրոսյանն անքնությունից խոսելու իրավունք չունի». նախկին խոսնակ

«Ով-ով, բայց Տեր-Պետրոսյանն անքնությունից խոսելու իրավունք չունի». նախկին խոսնակ

Ըստ ամենայնի, Տեր-Պետրոսյանը վստահ է, որ ինքը բացառիկության կարգով ցմահ սեփականաշնորհել է քաղաքականություն վերադառնալու իրավունքը: Այլ կերպ դժվար է բացատրել իր հիստերիկ արձագանքը նախագահ Քոչարյանի օրեր առաջ արած ակնարկին: Այս մասին 2rd.am կայքի հետ զրույցում հայտարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենկայի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը` անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` հոկտեմբերի 1-ի հանրահավաքին հնչեցրած ելույթին:

«Նա կոնֆորմիստ է անվանում մի մարդու, ով գլխավորել է ազատագրական շարժումը Արցախում, իսկ այնուհետ` Արցախի պետությունը պատերազմի տարիներին: Մի մարդու, ով իրեն /Տեր-Պետրոսյանին/ դուրս է շպրտել իշխանությունից` թույլ չտալով վաճառքի հանել ԼՂՀ ազատությունը: Կամ Տեր-Պետրոսյանը չգիտի «կոնֆորմիստ» բառի նշանակությունը, կամ էլ ինքնասիրահարվածությունը վերջնականապես անջատել է նրա հիշողությունը` տրամաբանության հետ միասին», – նշել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը:

«Ռոբերտ Քոչարյանի «անհանգստության» և «գիշերները չքնելու» մասին արտահայտված մտքերի վերաբերյալ: Կարծում եմ, հասարակությանը հայտնի է Տեր-Պետրոսյանի հանգիստ քնելու «զարմանալի» ունակությունը, նույնիսկ 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը, երբ բացառապես իր մեղքով տասը մարդ զոհվեցին: Ով-ով, բայց Տեր-Պետրոսյանը բարոյականության և խղճի խայթի պատճառով առաջացած անքնությունից խոսելու իրավունք չունի, առավել ևս` մարտի 1-ի համատեքստում: Մի խոսքով, Տեր-Պետրոսյանի այդ ելույթը խղճահարություն է առաջացնում: Գաղափարներն ու կողմնակիցներին վաճառած մարդը ճիշտ կլիներ, որ խուսափեր այլոց հասցեին քննադատություն հնչեցնելուց և ելույթներ ունենար բացառապես իր հիմնական թեմային համապատասխան` աղերսներով առ իշխանություններ երկխոսությունը շարունակելու վերաբերյալ», – ասել է Սողոմոնյանը: