Home / Հայաստան / Գիտնականներն արևի ճառագայթների դեմ կպայքարեն բանանի միջոցով

Գիտնականներն արևի ճառագայթների դեմ կպայքարեն բանանի միջոցով

Իսրայելական Հայֆա համալսարանի մի խումբ գիտնականներ նոր տեխնոլոգիա են մշակել, որը թույլ է տալիս մարդուն, բանան կամ վարունգ ուտելով, պաշտպանված լինել արևի ճառագայթներից ոչ պակաս որդյունավետ, քան հատուկ քսուկ օգտագործելիս:

Գիտնականները ջրիմուռներում ակտիվ նյութ են հայտնաբերել, որը ֆիլտրում է 330-400 նանոմետր երկարությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթները, և կարողացել են առանձնացնել այն, հաղորդում է cursorinfo.co.il-ն:

Այդ նյութն օգտագործելով` գիտնականները մտադիր են այնպիսի մթերք ստանալ, որը թույլ է տալիս օրգանիզմին պաշտպանվել արևից բնական ճանապարհով: «Հսկայական առավելություն կա ջրիմուռների կողմից միլիարդավոր տարիներով արտադրվող նյութի օգտագործման մեջ: Առողջության տեսանկյունից, նրանք շատ օգտակար են, քանի որ ալերգիկ ազդեցություն չեն ունենում»,- պարզաբանել է գիտնականներից մեկը:

Հայտնագործության իմաստը նրանում է, որ առանձնացվի գենետիկ բաղադրիչը, որը ջրիմուռի մեջ պատասխանատու է տվյալ նյութի արտադրման համար, և ներարկել այն, օրինակ, բանանի կամ խնձորի մեջ: «Դա շատ ավելի հարմար է, քան երեխաների հետևից վազելը և համոզելը թույլ տալ գոնե արևից պաշտպանող քսուկ անցկացնել նրանց մաշկին: Երբ պաշտպանությունը ուտելիքի հետ լինի, բոլոր հարցերը կլուծվեն»,- հույս ունեն գիտնականները:

Հետազոտողներն ակնկալում են, որ իրենց հայտնագործությունը մեծ պահանջարկ կունենա Արևելյան Ասիայում և Օվկիանիայում: Սրանք այն տարածաշրջաններն են, որտեղ օզոնային շերտում առաջացած անցքի պատճառով շատ տարածված են մաշկի քաղցկեղները: