Home / Հայաստան / «Հայաստանի համար զինամթերքի» հարցը պարզաբանեցին Ալիևի համար

«Հայաստանի համար զինամթերքի» հարցը պարզաբանեցին Ալիևի համար

Քիշնևն ու Բաքուն կարգավորել են երկկողմանի հարաբերություններում առաջացած անճշտությունները, որոնք կապված են մոլդովական բանակի զինանոցից Հայաստանին  60 տոննա ժամկետնանց զինամթերք վաճառելու հետ, հայտարարել է մոլդովական վարչապետ Վլադ Ֆիլատը:

Երեքշաբթի Քիշնևում կայացած ճեպազրույցի ընթացքում նա ասել է, որ նախորդ շաբաթ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Վարշավայում «Արևելյան համագործակցության» շրջանակներում: «Մենք քննարկել ենք խնդիրները և պարզաբանել իրավիճակը»,- Ֆիլատի խոսքերն է փոխանցում «Ինտերֆաքսը»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Քիշնևի օդանավակայանում վայրէջք է կատարել լատվիական ԻԼ-76 ինքնաթիռը: Ինչպես ավելի ուշ հայտնի էր դարձել OMEGA գործակալության աղբյուրներին, գործարքն իրականացվել է լատվիական Latspetsexport-ի կողմից, թեև լատվիական իշխանությունները հերքում են իրենց երկրի ներսում գործող որևէ ընկերության կապն այս գործարքի հետ:

Այս առնչությամբ ելույթ ունեցած Մոլդովայի պաշտպանության նախարար Վիտալի Մարինուցան հայտարարել էր, որ 60 տոննա զենքի (որոնց թվում են եղել հակաօդային և հակատանկային համակարգեր) վաճառքի մասին պայմանագիրը  «օգուտ» է բերել մոլդովական կողմին:

Իր հերթին, ազգային անվտանգության, պաշտպանության և հասարակական կարգի պահպանման հարցերով խորհրդարանական ասամբլեայի հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Ստոյանոգլոն հայտարարել է, որ ինքնաթիռը զինամթերքը Հայաստան է փոխադրել Մոլդովայի Հանրապետության և լատվիական ընկերության միջև պայմանագրի համաձայն, իսկ պայմանագիրն իրականացվել է մոլդովական սահմանադրությանը համապատասխան: Գործարքի փաստը, Ստոյանոգլոյի խոսքով, հաստատվել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ստորագրությամբ:

Հայաստանը, սակայն, հայտարարում է, որ չի գնել հնացած զինամթերք: «Հայաստանի զինված ուժերի կարիքների համար զինամթերքի ձեռքբերումն  իրականացվում է հանրապետության օրենսդրության և համապատասխան միջազգային նորմերի և պարտավորությունների շրջանակներում»,- հայտարարել էր պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը: