Home / Հայաստան / Երկնիշ տնտեսական աճ գրեթե բոլոր ոլորտներում. խոստանում է նախարարը

Երկնիշ տնտեսական աճ գրեթե բոլոր ոլորտներում. խոստանում է նախարարը

Այս տարեվերջին գրեթե բոլոր ոլորտներում կարձանագրվի երկնիշ տնտեսական աճ, որը լուրջ հիմք է հանդիսանալու տնտեսության զարգացման և բյուջետային եկամուտների հավաքագրման գործում: ՀՀ կառավարության կայքի հաղորդամբ, այս մասին այսօր կառավարության նիստին հաջորդած մամուլի ասուլիսում նշել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Ըստ նրա` ներկայում արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 12 տոկոսանոց տնտեսական աճ: Ակնկալում է, որ տարվերջին ևս կլինեն նման արդյունքներ:

«Նույնը վերաբերվում է գյուղատնտեսությանը, ծառայությունների ոլորտին: Արտահանման ծավալների աճը կազմում է մոտ 30 տոկոս, որն ավելի բարձր է, քան երկրի ընդհանուր տնտեսության աճը: Լուրջ առաջընթաց ունենք նաև օտարերկրյա ներդրումների հարցում, այդ հոսքերը 20 տոկոսով ավելին են նախորդ տարվա համեմատ: Կարծում եմ, բացառությամբ շինարարության ոլորտին, որտեղ ընդհանուր անկումը դեռևս չի հաղթահարվել, մյուս բոլոր ոլորտներում կունենանք երկնիշ տնտեսական աճ», – նշել է էկոնոմիկայի նախարարը:

Դավթյանի խոսքով` ակնհայտ է նաև, որ գնաճի տեմպերը ևս նվազում են:

«Համոզված ենք, որ մինչ տարեվերջ կհասնենք այն ցուցանիշին, որը նախատեսված է պետական բյուջեով ու մակրոտնտեսական կանխատեսումներով: Այս տարվա սկզբում առկա աշխատավարձի աճի և գնաճի միջև տարբերությունը կտրուկ նվազել է և մինչ տարեվերջ կփորձենք հասնել աշխատավարձերի աճի և գնաճի տեմպերի միջև համամասնության լավագույն մակարդակին: Վերջին ամիսների դրական տենդենցները մակրոտնտեսական ցուցանիշները, համախառն ներքին արդյունքի աճը, գնաճի տեմպերի նվազումը տնտեսության զարգացման լավատեսական հիմքեր են տալիս: Եթե կարողանանք այս տեմպերը ապահովել, իսկ այդպիսի համոզմունք կա, կարծում եմ լուրջ զարգացում կունենանք»,- ընդգծել է նախարարը: