Home / Հայաստան / Մոլդովայի զենքը կարող է կրակել Ղարաբաղում. «Նեզավիսիմայա գազետա»

Մոլդովայի զենքը կարող է կրակել Ղարաբաղում. «Նեզավիսիմայա գազետա»

Մոլդովայից Հայաստան հրթիռներ տեղափոխող լիբիական ինքնաթիռի շուրջ ծավալված սկանդալը ոչ պակաս աղմկահարույց ավարտ է ունեցել, գրում է «Նեզավիսիմայա գազետան»: Քիշնևի ԶԼՄ-ները երեկ հրապարակել են Հայաստանին վաճառված մոլդովական զինամթերքի ցուցակը, և դրանք, ի հեճուկս երկրի պաշտոնատար անձանց հայտարարությունների, ժամկետնանց չեն և բավական մարտունակ են: Այս փաստը թույլ է տվել մոլդովական խորհրդարանին ենթադրել, որ Մոլդովայի զենքը կարող է կրակել Ղարաբաղում:

Այն, որ լիբիական ինքնաթիռի հետ ինչ-որ բան այն չէ, մոլդովական լրագրողները հենց սկզբում էին հասկացել, երբ սեպտեմբերի 12-ին ինքնաթիռը ժամանեց մոլդովական մայրաքաղաք: Նախևառաջ, ինքնաթիռը ռազմական էր և ժամանել էր Բենղազիից: Այնուհետև այն գրեթե անմիջապես ուղևորվել է ռազմական օդանավակայան և ամսի 13-ին բեռնված հեռացել Մոլդովայից:

Ինչպես ավելի վաղ պարզաբանել էին Մոլդովայի պաշտպանության նախարարությունում, իրենք ժամկետնանց զինամթերք են վաճառել: Միևնույն գերատեսչության տեղեկությունների համաձայն, բեռը հասցեագրված էր Ռիգայում գրանցված «լատվիական ընկերություններից մեկին»: Որից հետո Լատվիայի ԱԳ նախարարությունը հայտարարությամբ հանդես եկավ, որում հերքեց մոլդովական զենք գնելու մասին լուրերը: Այն, որ զենքը վաճառվել է հենց Հայաստանին, «ՆԳ»-ի հետ զրույցում հայտարարել էր զինված ուժերի  ժողովրդավարական վերահսկողության ժնևյան կենտրոնի փորձագետ Վիորել Չիբոտարուն: Նա ասել է, որ գործարքն օրինական է եղել, և զինամթերքի մեջ նաև հրթիռներ են եղել:

Գործակալության տեղեկությունների համաձայն` Հայաստանին բավական թանկարժեք զենք է վաճառվել: Այդ զենքերի թվում են ստուգողական-վերահսկողական  9В862 համալիրներ, 9В863 «Կոբրա» հրթիռը, ինչպես նաև 9В871 հակատանկային հրթիռների համալիր: Այս զենքերից յուրաքանչյուրի շուկայական գինը գերազանցում է 60 հազար դոլարը: Բացի դա, զինամթերքների մեջ են եղել նաև «ՖԱԳՕՏ», «ԿՕՆԿՈՒՐՍ» , «ՇՏՈՒՐՄ-ԷՍ», «ՄԵՏԻՍ» հազարավոր հրթիռներ:

Ավելի վաղ ազգային անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ հաղորդվել էր, որ գործարքը 3 միլիոն 250 հազար դոլար է արժեցել:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը այսօր կրկին վերահաստատել է նախկինում տարածած հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը հնացած զինամթերք չի գնում:

«Հայաստանի զինված ուժերի կարիքների համար զինամթերքի ձեռքբերումն  իրականացվում է հանրապետության օրենսդրության և համապատասխան միջազգային նորմերի և պարտավորությունների շրջանակներում»,- ավելի վաղ ասել էր Կարապետյանը: Այսօր նա կրկին հաստատել է իր խոսքերը և հավելել, որ Ազգային անվտանգության շահերից ելնելով` ՊՆ-ն չի հրապարակում, թե որ երկրից ինչ զենք են գնում: