Home / Հայաստան / Տեր-Պետրոսյանն ազդարարեց շուրջօրյա հանրահավաքի ավարտը. հետագա քայլերը՝ հոկտեմբերի 28-ին (թարմացված)

Տեր-Պետրոսյանն ազդարարեց շուրջօրյա հանրահավաքի ավարտը. հետագա քայլերը՝ հոկտեմբերի 28-ին (թարմացված)

19:58 Լևոն Տեր-Պետրոսյան.  Այս շուրջօրյա հանրահավաքն ավելի միակուռ դարձրեց Կոնգրեսի մաս կազմող քաղաքական ուժերին: Որքան մենք ակտիվ լինենք, այնքան միջազգային հանրությունը մեր օգտին որոշումներ է կայացնելու: Աշխարհը չի սիրում չպայքարող ազգերի: Այսօրվանից մեր հիմնական, գլխավոր լոզունգը լինելու է Սերժ Աարգսյանի անհապաղ հրաժարականը: Կոնգրեսն այս նստացույց-հանրահավաքը համարում է ամենանշանակալից հանգրվաններից մեկը: Առաջարկվում է անհապաղ դադարեցնել այս միջոցառումը: Առաջակվում է այս պահին դադարեցնել և պահանջված պահին անցկացնել անժամկետ նստացույց և հանրահավաք: Կոնգրեսն իր պարտք է համարում ձեզ խորին շնորհակալություն հայտնել և մաղթել ամենայն բարիք: Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին: Կոնգրեսը կներկայացնի իր հետագա ծրագիրն ու կոնկրետ անելիքը:

19:49 Տեր-Պետրոսյան. Հատկապես կարևոր դպրոց էր սա այն երիտասարդների համար, ովքեր չէին անցել 88-ի կամ 2008-ի բովով: Իշխանությունները չհանդգնեցին բռնի գործողություններ իրականացնել,  չգրանցվեց ոչ մի տհաճ կամ վտանգավոր միջադեպ, ինչում իրենց դերը խաղացին ինչպես մասնակիցների կարգապահությունը, այնպես էլ հրապարակի ոստիկանական աշխատակիցների ընդգծված զսպվածությունը: Նույնը կլիներ, եթե 2008-ին ոստիկանությունը այսպես վարվեր և բռնի ուժով չցրեր հանրահավաքը:

19:45 Այժմ Տեր-Պետրոսյանը պատմում է, թե ինչ է տեղի ունեցել 8 օրվա ընթացքում Ազատության հրապարակում, և ինչ քայլեր են ձեռնարկել իշխանությունները մարդկանց հոսքը կանխելու համար:

19:41 Տեր-Պետրոսյան. Ելույթի փոխարեն կներկայացնեմ մի փաստաթուղթ, որը մի քանի օր տևած երկար քննարկումներից հետո ընդունվել է Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի կողմից և համաձայնեցվել բոլոր տարածքային կառույցների հետ: Կոչվում է շուրջօրյա նստացույց-հանրահավաքի բանաձև:

19:40  Ելույթ է ունենում Լևոն Տեր-Պետրոսյանը:

19:12 Հանրահավաքի մասնակից տարիքով մի մարդ Նիկոլ Փաշինյանին իր աճեցրած խնձորը նվիրեց: Այս խնձորը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ որդը ՀՀ իշխանություններն են, որոնք պետք է արմատախիլ արվեն, ասաց Նիկոլ Փաշինյանը (խնձորը Նիկոլ Փաշինյանին փոխանցելու պահին հանրահավաքի մասնակիցներից մեկն ասել է` apple, apple, հավանաբար, հիշելով Սթիվ Ջոբսին):

19:09 Արամ Մանուկյան. Lուծումը մեկն ա, ժողովուրդ` իշխանափոխություն: Միակ քաղաքական ուժը Կոնգրեսն է, որ իշխանափոխության հայտ է ներկայացնում: Ունենք ծրագիր, ունենք թիմ ու առաջնորդ: Ծրագիրն էլ արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններն են:

18:58 Մի քանի հարյուր մարդ Արմավիրից և մի քանի տասնյակ մարդ Էջմիածնից այս պահին մտան Ազատության հրապարակ:

18:46 Փաշինյան. Շուրջօրյա մեր նստացույցը անհրաժեշտություն էր մեր հետագա պայքարը շարունակելու համար: Մարդիկ հարցնում են՝ մենք հեռանալո՞ւ ենք, թե՞մնալու ենք: Վերջին տարիների ընթացքում մենք երբեք չենք հեռացել Ազատության հրապարակից: Եղել ենք նույնիսկ այն օրերին, երբ այն վեր էր ածվել սերժանտական մեծ փոսի: Գուցե, հավաքվենք ու գնանք մեր տները, բայց Ազատության հրապարակն է այն տեղը,  որտեղ մենք Ազատության հրապարակ ենք դարձնելու մեր բակերը, մեր տները, մեր գյուղը: Մենք լինելու ենք շատ, բայց չենք լինելու ամբոխ: Մենք լինելու ենք մեկ գումարած մեկ: Այս վրանները մեր հոգիներում չեն սասանվելու այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում վեր չի խոյացել ազատության իրական պատկերը: Չվախենաք և չկասկածեք. այս ութ օրվա ընթացքում մենք անմնացորդ ծառայեցինք ազատ և երջանիկ Հայաստանին:

18:44 Փաշինյան. Մեր ութօրյա նստացույցը դարձավ ջրբաժան: Մենք բաժանվեցինք մեր վախերից, մեզ ապացուցեցինք, որ կարող ենք կտրվել մեր տաք տներից ու անձրևի ու արևի տակ իշխանություններին կրկնել, որ մենք հպարտ քաղաքացիներ ենք, որ երբեք չենք հրաժարվի Հայաստանի այսօրվա իրավիճակի համար մեր ունեցած պատասխանատվությունից՝ հայրենիք, քաղաքացիություն, օրինականություն և Սահմանադրություն:

18:42 Նիկոլ Փաշինյանը ողջունում է Ազատության հրապարակի վրանային ավանին, որից հետո հնչում է Հայաստանի Հանրապետության օրհներգը:

18:35 Սեպտեմբերի 30-ից Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ անցկացնող Հայ Ազգային Կոնգրեսն այսօր իր համակիրների հետ միասին որոշում է կայացնելու իր ապագա քայլերի մասին: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն ժամանել է հրապարակ, ելույթները կմեկնարկեն մի քանի րոպեից: