Home / Հայաստան / Հայաստանի հավաքականի մարզիչը ֆուտբոլիստներին խնդրել էր աժիոտաժի վրա ուշադրություն չդարձնել

Հայաստանի հավաքականի մարզիչը ֆուտբոլիստներին խնդրել էր աժիոտաժի վրա ուշադրություն չդարձնել

Մակեդոնիայի հավաքականի հետ խաղից առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ֆուտբոլիստներին խնդրել էր ուշադրություն չդարձնել այն աժիոտաժի վրա, որը ստեղծվել էր թիմի շուրջ վերջին հաղթանակներից հետո: Այս մասին Մինասյանն ասել է խաղից հետո կայացած մամուլի ասուլիսին:

Մինասյանի խոսքով` չնայած արդյունքին, ինքը Մակեդոնիայի հետ խաղի որակից գոհ չէ. «Ծանր խաղ էի ակնկալում, և առաջին իսկ րոպեներից լարվածություն կար: Առաջին 20-25 րոպեներին խաղը չէր ստացվում», – ասել է մարզիչը:

Նրա խոսքով` մրցակիցը մի քանի վտանգավոր պահ ստեղծեց մեր դարպասի մոտ, ինչը պայմանավորված էր նրանով, որ Ռոբերտ Արզումանյանի բացակայության պայմաններում պաշտպանության կենտրոնում առաջին անգամ էին միասին խաղում դաշտ դուրս եկած ֆուտբոլիստները:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Արզումանյանին, ապա, Մինասյանի խոսքով, պաշտպանն արդեն մարզվում է, և թիմի հետ կմեկնի Իռլանդիա:

Իռլանդիայի հետ խաղի մասին մարզիչը հրաժարվեց խոսել` նշելով, որ ամենակարևորն այն է, որ այդ խաղից առաջ որակազրկումներ չեղան:

Հիշեցնենք, որ Մակեդոնիայի հետ հանդիպումը ավարտվեց 4-1 հաշվով: Մեր թիմի կազմում գոլերի հեղինակ դարձան Մարկոսը, Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը և Արթուր Սարկիսովը: