Home / Հայաստան / Դավիթ Հարությունյանը պատմել է` որ դեպքում է հնարավոր երկխոսությունը

Դավիթ Հարությունյանը պատմել է` որ դեպքում է հնարավոր երկխոսությունը

Երբ ընդդիմությունը փոքր-ինչ սթափվի և ավելի հստակ գիտակցի քաղաքական իրողությունները, այդ ժամանակ նոր միայն կարող ենք անդրադարձ կատարել երկխոսությանը։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսելու նպատակով ստեղծված իշխանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ իշխանական պատվիրակությունը նոր նախաձեռնությամբ հանդես գա և Կոնգրեսին երկխոսելու առաջարկ անի։

Դավիթ Հարությունյանի խոսքով` այսօրվա իրավիճակում երկխոսությունն արդյունավետ չի կարող լինել, եթե մի կողմը պահանջում է, որ մյուս կողմը խնդրի երկխոսություն։

«Մենք համարում ենք, որ միշտ էլ կան երկխոսության համար թեմաներ, որոնք ունեն կարևոր նշանակություն երկրի համար։ Սակայն մենք ավելին չենք պատրաստվում խնդրել երկխոսության շրջանակներում դա քննարկելու։ Երկխոսությունը պետք է լինի երկու կողմի գիտակցված կամքը և ցանկությունը, այլ ոչ թե մի կողմը պետք է գա խնդրի, և մյուս կողմը սկսի մտածել՝ արդյոք երկխոսել, թե ոչ։ Ես կարծում եմ, երբ այդ գիտակցությունը լինի ընդդիմության մոտ, մենք կարող ենք այդ տարբերակի մասին՝ երկխոսության մասին, նորից խոսել։ Իսկ մինչ այդ, կարծում եմ, խոսելը վաղ է», – ասել է Հարությունյանը։

Անցյալ շաբաթ իշխանական պատվիրակությունը հայտարարել էր, թե կվերսկսի երկխոսությունը, եթե Կոնգրեսը դադարեցնի հանրահավաքները, իսկ Կոնգրեսն էլ պատասխանեց, որ երկխոսելու հարցը իրենք կքննարկեն միայն այն դեպքում, երբ իշխանությունը խնդրի իրենց այդ մասին։ Ավելին, շաբաթ օրը ունեցած իր ելույթում ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը երկխոսությունը վերականգնելու հնարավորությունը համարեց շատ քիչ՝ նշելով, որ այդ երկխոսությունն էլ՝ «կարծեք, դադարել է այժմեական լինել: Նույնիսկ արտահերթ նախագահական, խորհրդարանական ընտրություններն են դադարել այժմեական լինել: Այսօրվանից մեր գլխավոր, հիմնական, միակ լոզունգը լինելու է Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը»։

Արձագանքելով ՀԱԿ ղեկավարի այս հայտարարությանը՝ իշխանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ասաց, թե մասամբ համաձայն է Կոնգրեսի հետ, որ արտահերթ և խորհրդարանական ընտրությունները այժմեական չեն։ Ինչ վերաբերում է Կոնգրեսի նոր պահանջին՝ Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականին, ապա, ըստ Դավիթ Հարությունյանի, դա նույնպես այժմեական չէ։