Home / Հայաստան / Ճիշտ էր նստացույցը և’ սկսելը, և’ դադարեցնելը. Տեր-Աբրահամյան

Ճիշտ էր նստացույցը և’ սկսելը, և’ դադարեցնելը. Տեր-Աբրահամյան

Ի տարբերություն 2008 թվականի, այս տարվա հոկտեմբերի սկզբի Հայ Ազգային Կոմգրեսի ութօրյա նստացույցին ընդդիմությունը ոչ թե քաղաքի կենտրոնն ու ռիթմ տվողն էր, այլ մեկուսացված քաղաքական հոսանք: Այս մասին Facebook սոցիալական ցանցում գրել է հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը:

«Դրա համար էլ ճիշտ էր էս պահին նստացույցը դադարեցնել: Բայց ճիշտ էր այն նաև անել, թեկուզ ստուգելու համար ներուժդ ու կապդ: Իրականությունից պետք չի վախենալ կամ վհատվել, հակառակը՝ իրականությունը տեսնելը գիտակից մարդու նպատակն է: Պետք է, ուրեմն ամփոփել էս ստուգման բոլոր արդյունքները՝ բացասական և դրական, հասկանալ, իմաստավորել ու շարժվել առաջ», -ասել է Տեր-Աբրահամյանը:

Նրա խոսքով` հեղափոխական վիճակը Հայաստանում պերմանենտ է, որովհետև այն կազմում է բռնապետական համակարգի հարազատ մասը:

«Ուրեմն խնդիրն այն է, ինչպես եղած ներուժը ճիշտ կազմակերպել: Իմ կարծիքով` մենք ժամանակ շահեցինք մեր նստացույցով, մեծ բեռից ազատվեցինք ու հիմա կարող ենք հանգիստ, բավական անշտապ կշռել հետագա քայլերը: Ու ամեն մեկս իր վրա վերցնի ավելի մեծ պատասխանատվություն՝ չսպասելով հարթակին:

Նստացույցը՝  հրամայական էր: Ասել եմ և’ մինչև նստացույցը, և’ պնդում եմ հիմա: Առանց նստացույցի հաստատ պարտվելու էինք: Սա ի՛մ որոշումն էր ծերից ծեր, ի՛մ նստացույցն էր ու ի՛մ պայքարն ա: Լևոնինը չի, Նիկոլինը չի, ոչ մեկինը չէ, հենց ի՛մն ա: Պատասխանատվությունն էլ ա իմը: Սա սիրուն խոսքեր չեն, ինձ համար տենց ա ու ավելի տենց դարձավ», – գրել է հրապարակախոսը: