Home / Հայաստան / Սարկոզին Երևանին հասկացրեց, որ չարժե կենտրոնանալ միայն Մոսկվայի վրա. «ՆԳ»

Սարկոզին Երևանին հասկացրեց, որ չարժե կենտրոնանալ միայն Մոսկվայի վրա. «ՆԳ»

Բաքվում, ուր այլ համաշխարհային առաջնորդներ ժամանում են էներգետիկ պաշարների խնդրողի կարգավիճակում, ղարաբաղյան հակամարտությունը ուժային տարբերակով լուծելու անհնարինության մասին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հայտարարությունը նախազգուշացում էր ոչ միայն Ֆրանսիայի նախագահի, այլև ԵՄ-ի առաջնորդի կողմից: Այս մասին գրում է «Նեզավիսիմայա գազետան»:

«Միաևնույն ժամանակ, Սարկոզին իր գործընկերոջը հնարավորություն է ընձեռել սեփական առաջարկները բերել Փարիզ: Շախմատային տերմինաբանությունն օգտագործելով` Սարկոզին որակը զոհաբերել է նախաձեռնությանը»,- գրում է թերթը:

Հոդվածի հեղինակի խոսքով` Երևանում, Թբիլիսիում և Բաքվում Սարկոզիի պահվածքի «տարատեսակությունը» տարօրինակ կլիներ, եթե չլիներ երկու գործոն:

«Առաջինը` Սարկոզին փորձում է միջազգային թատերաբեմում բարձրացնել Ֆրանսիայի վարկանիշը, և միայն Լիբիայով նրա նպատակները չեն սահմանափակվում: Երկրորդ գործոնը նախագահական ընտրություններն են, որոնց ընդամենը կես տարի է մնում, և ինքն այստեղ բացարձակ ֆավորիտ չէ: Այցի ընթացքում  նրան լրագրողների բավական տպավորիչ խումբ էր ուղեկցում, Կովկասում հնչող նախագահի հայտարարությունները նախատեսված էին նաև ներքին խոհանոցի համար:

Երևանում նա, նախևառաջ, փորձեց իր կողմը գրավել Ֆրանսիայի հայկական սփյուռքին: Երկրորդը` Անկարայի վրա հարձակում գործելով` նա ընդառաջ գնաց ֆրանսիացի աջականներին և կենտրոնամետներին, որոնք չեն ընդունում Թուրքիայի հնարավոր անդամակցությունը Եվրամիությանը: Երրորդ` հենց Երևանին հասկացնել տվեց, որ Ֆրանսիան կարող է հովանավորել իրեն և պետք չէ կենտրոնանալ միայն Ռուսաստանի վրա: Իր հերթին, Ֆրանսիայի համար  Հայաստանի հավատարմությունը ավելորդ չի լինի` հաշվի առնելով այն, որ Վրաստանը հիմնականում ամերիկամետ է, իսկ Ադրբեջանը` թուրքամետ»: