Home / Հայաստան / Ոչ թե Սերժ Սարգսյանի հրաժարականը, այլ… իրավապաշտպանն առաջարկում է

Ոչ թե Սերժ Սարգսյանի հրաժարականը, այլ… իրավապաշտպանն առաջարկում է

Անկախ տարբեր հայտարարություններից` բանակում տիրող իրավիճակը շարունակվելու է այդպիսին մնալ այնքան ժամանակ, քանի դեռ չկա Հայաստանի իշխանությունների կամքը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը` անդրադառնալով երեկ մի շարք իրավապաշտպանների կողմից բանակում տիրող իրավիճակի վերաբերյալ տարածած հայտարարությանը, որոնք պահանջում են ՀՀ Գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Իրավապաշտպանների առաջին հայտարարությունը տարածվել էր սեպտեմբերի 6-ին, նրանք 1 ամիս էին տվել բանակում իրավիճակի շտկման համար: Դանիելյանն այն ժամանակ մեզ հետ զրույցում նշել էր, որ հրաժարվել է միանալ հայտարարությանը` համաձայն չլինելով դրա որոշ դրույթների հետ:

Անդրադառնալով երկրորդ հայտարարությանը` Դանիելյանն ընդգծել է, որ  առաջինի հետ համեմատ ստորագրողների ցուցակը փոխվել է:

«Այստեղ չկար առաջին հայտարարությունը ստորագրած Ավետիք Իշխանյանի հայտարարությունը, ինչը կարելի է տարբեր ձևով մեկնաբանել: Ես կմեկնաբնեի հետևյալ կերպ. երբ Ավետիք Իշխանյանը Սերժ Սարգսյանի կողմից հրավիրված էր իրավապաշտպան ՀԿ-ների խնջույքին, հավանաբար, այնտեղ պարզել է, որ Սերժ Սարգսյանը կարող է դեռ մնալ», – նշել է իրավապաշտպանը:

Հելսինկյան ասոցիացիայի ղեկավարը նշել է, որ ինքն անձամբ չէր պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը:

«Ճիշտն ասած՝ նախագահի հրաժարականը քաղաքական կատեգորիա է, դա իրավապաշտպանի գործը չէ: Ես համարում եմ, որ դա պահանջելը անիմաստ բան է, քանի որ Սերժ Սարգսյանը հրաժարական չի տալիս մի քանի տասնյակ հազար մարդկանց պահանջով: Ես որպես իրավապաշտպան կպահանջեի, որ մենք գործունեություն ծավալեինք՝  կապված տնտեսական, ֆինանսական սանկցիաների հետ Հայաստանի նկատմամբ: Դա ավելի վտանգավոր կլիներ իշխանությունների համար: Պետք է պահաջնենք, որ այդ ծրագրերից զրկեն Հայաստանին, որովհետև այդ փողերը, ի վերջո, լցվում են Հայաստանի իշխանությունների բանկերը, այլ ոչ թե օգնում են վիճակի բարելավմանը: Ես միշտ ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ, որ այնպիսի իշխանություններին, ինչպիսին Հայաստանինն է կամ, օրինակ, Բելառուսինը, միայն պատժամիջոցները կարող են խելքի բերել:

Զարմանալի է նաև, որ իրավապաշտպանները չեն պահանջում հայկական բանտերում պահվող 68 խղճի գերիների ազատ արձակումը, որոնք հրաժարվում են ծառայել կրոնական նկատառումներով: Հասկանում եմ` նրանք չեն մահացել, բայց դա էլ շատ լուրջ անօրինականություն է, օրենք կա բանակում այլընտրանքային ծառայության մասին, որը չի աշխատում: Ես կրկնում  եմ, որ պետք է պահանջ լիներ՝ ուղղված այն բանին, որ Հայաստանի քաղաքացիները չպետք է ծառայեն Լեռնային Ղարաբաղում: Ես առաջին հայտարարությունից առաջ առաջարկել էի դա իրավապաշտպաններին, բայց նրանք հրաժարվել էին», – ասել է Դանիելյանը:

Իրավապաշտպանը խոսել է նաև երեկ քաղաքական մեկնաբան Գևորգ Ալթունյանի «Տեսանկյուն» հաղորդման ընթացքում իրավապաշտպանների հայտարարությանն արված անդրադարձի մասին:

«Այդ հայտարարություններից ուղղակի 37 թվականի հոտ էր փչում: Հայաստանում քսերոքս արած Միխայիլ Լեոնտևն անգրագետ է, նա հաղորդման ընթացքում իմ անունը չտալով՝ խոսում էր իմ մասին, թեև ես չէի ստորագրել այդ հայտարարությունը: Նա նշում էր, որ իրավապաշտպաններից մեկն առաջարկել է ազատել Ադրբեջանի օկուպացված տարածքները, իսկ հայտարարության հեղինակներից և ոչ մեկ նման բան չի պահանջել: Քանի որ օկուպացված տարածքները և սեքսուալ փոքրամասնություններին պաշտպանելը մեր կազմակերպության առաջ քաշած թեմաներն են, ես հասկանում եմ, որ նա իմ մասին էր խոսում: Դա ուղղակի անգրագիտություն էր, իսկ անգրագիտությունը` 37 թվականի հետ խառնված, ավելի վտանգավոր է», – նշել է իրավապաշտպանը: