Գլխավոր / Հայաստան / «Միմինոն» Մոսկվայի փոխարեն բացվեց Թբիլիսիում (ՖՈՏՈ)

«Միմինոն» Մոսկվայի փոխարեն բացվեց Թբիլիսիում (ՖՈՏՈ)

Թբիլիսիում բացվել է խորհրդային հայտնի «Միմինո» ֆիլմի հերոսներին նվիրված հուշարձանը, հաղորդում է «Վզգլյադը»: Հուշարձանը հեղինակել է ռուսաստանցի նկարիչ և քանդակագործ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահ Զուրաբ Ծերեթելին: Պարբերականը նշում է, որ 4 տարի առաջ հուշարձանը ստեղծվել էր Մոսկվայի համար, սակայն այդպես էլ չտեղադրվեց այնտեղ:

Հիշեցնենք, որ այս առնչությամբ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ զրույցում վրացի դերասան Վախթանգ Կիկաբիձեն պատմել էր հետևյալը. «Մոտ 4 տարի առաջ ինձ զանգահարեցին Մոսկվայի Պետդումայից և ասացին, որ «Չիստիե Պրուդի»-ում ցանկանում են «Միմինոյի» կերպարների հուշարձանները տեղադրել: Իբր թե ազգերի բարեկամությունն էր խորհրդանշում` ռուսների, հայերի, վրացիների: Այնուհետև ղեկավարները նեղացան միմյանցից, ասացին, որ արդեն չեն տեղադրի հուշարձանը: Հետո մերոնք ասացին, թե միգուցե մեզ մո՞տ տեղադրենք: Բայց նրանք չթողեցին: Այնուհետև հայերն էին ուզում հուշարձանն էստեղ բերել: Ու հիմա, հանկարծ բերել են: Ես տեսել եմ, այդ հուշարձանները կանգնած են արհեստանոցում»:

Հուշարձանը բացվեց Թբիլիսիի Հավլաբար թաղամասի մետրոյի մոտակայքում:

Հուշարձանը պատկերում է ֆիլմում իրենց մասնակցությունը ցուցաբերած հայտնի դերասաններ Ֆրունզե Մկրտչյանին, Վախթանգ Կիկաբիձեին, Եվգենի Լեոնովին, ինչպես նաև ֆիլմի ռեժիսոր Գեորգի Դանելիան:

Ծերեթելիի խոսքով` Դանելիան նույնպես ցանկացել է մասնակցել հուշարձանի բացման արարողությանը, սակայն առողջական խնդիրների պատճառով այդպես էլ չի ժամանել Վրաստան:

Հիշեցնենք, որ միևնույն ֆիլմի հերոսներին նվիրված ևս մեկ հուշարձան հուլիսի 4-ին բացվել էր Դիլիջանում:

Լուսանկարը` Ելենա Խաչվանքյանի