Home / Հայաստան / Թուրքիան ցանկանում է առանց էթնիկ ազգայնականության Սահմանադրություն ունենալ

Թուրքիան ցանկանում է առանց էթնիկ ազգայնականության Սահմանադրություն ունենալ

Թուրքիայում ակնկալում են, որ երկրի նոր Սահմանադրությունը բազմաթիվ ներքին խնդիրների լուծման միջոց կհանդիսանա:

Նոր Սահմանադրության կարևորության մասին երեկ հեռուստաեթերից անդրադարձել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը` ընդգծելով, որ այն կարող է վերջ տալ բոլոր ճգնաժամերին:

«Այլևս չեն լինի ալեվի-սունի, թուրք-քուրդ, մոդերնիստ-ֆունդամենտալիստ հակասությունները: Մենք պետք է օրինակելի, լավ և լիբերալ Սահմանադրություն ունենանք», – ասել է փոխվարչապետը:

Առինչը նաև նշել է, որ Թուրքիայի համար ամենամեծ վտանգներից է էթնիկ ազգայանականությունը, և նոր Սահմանադրության մեջ ոչ մի հոդված դրա հետ չպիտի կապված լինի:

Նոր Սահմանադրության նախագծի նախապատրաստման համար ստեղծված հանձնաժողովն իր առաջին նիստն է գումարելու հոկտեմբերի 19-ին:

Նշենք, որ այժմ Թուրքիայում գործածության մեջ է 1982 թվականի Սահմանադրությունը, որն ընդունվել էր 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո: Մինչ այդ Թուրքիայում գործում էր 1961 թվականին ընդունած Սահմանադրությունը: