Home / Հայաստան / Ի՞նչ են քննարկում ոչ լեգիտիմ Սարգսյանն ու Ալիևը և ո՞վ է թույլ տվողը. ԱԳՆ նախկին նախարար

Ի՞նչ են քննարկում ոչ լեգիտիմ Սարգսյանն ու Ալիևը և ո՞վ է թույլ տվողը. ԱԳՆ նախկին նախարար

Լեռնային Ղարաբաղի հարցն այն հարցն է, որ Հայաստանը պետք է լուծի Ադրբեջանի հետ, և պետք է փոխզիջումների հիման վրա երկու կողմին էլ բավարարող լուծում տալ:

Epress.am-ի հետ զրույցում ՀՀ նախկին արտգործնախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը խոսել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների մասին:

«Այսօր առաջնահերթ եմ համարում թե’ Հայաստանում, թե’ Ադրբեջանում, թե’ Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարության կայացումը, ժողովրդավարական ինստիտուտների կայացումը, նորմալ տնտեսության զարգացումը, մարդու իրավունքերի պաշտպանությունը: Ժողովրդի կողմից ընտրված իշխանություններ պետք է լինեն, որոնք կարողանան քննարկումներ անել: Ոչ օրինական, ոչ լեգիտիմ իշխանություններն Ադրբեջանում կամ Հայաստանում ի՞նչ են քննարկում և ո՞վ է թույլ տվողը: Այսինքն` այդ առումով շատ անելիք կա, և արդեն միջազգային հանրությունն էլ է գիտակցում, որ նորարարական ձևեր պետք է գտնվեն և ավելի շատ աջակցեն կողմերին ինքնաժողովրդավարանալ, որից հետո հնարավոր կլինի տարբեր լուծումներ քննարկել»,- ասել է Արզումանյանը:

Նախկին արտգործնախարարը խոսել է նաև Հայաստանում ռուսական ռազմակայանների տեղակայման և 2010 թվականին դրա ժամկետների երկարացման վերաբերյալ՝ նշելով, որ երկարացումն անհասկանալի քայլ էր:

«Կողմնակից ենք, որ Ռուսաստանի հետ հավասարազոր, պարտնյորական հարաբերություններ լիեն, ցավոք սրտի, այսօրվա Հայաստանը վասալական կախման մեջ է Ռուսաստանից և թույլ է տալիս, որ իր դեսպանատան ամենամիջին օղակի դիվանագետը գնա, ամենաբարձր պաշտոնյաներին հաթաթա տա և բացատրի, թե ինչ օրենսդրություն պետք է ունենանք: Սա անընդունելի վարվելակերպ է, անընդունելի և վիրավորական, երբ որևէ պաշտոնյա մեզ անվանում է Ռուսաստանի ֆորպորստ: Բայց մենք շահագրգռված ենք, որ Ռուսաստանի հետ ունենանք հավասարազոր հարաբերություններ: Երբ ստեղծվել է ռուսական բազան, ես եղել եմ իշխանության կազմում, և անհրաժեշտ է եղել ռուսաստանյան բազայի առկայությունը: Ռուսաստանի բազայի երկարաձգումը 48 տարով անհասկանալի, չտրամաբանված և չարդարացված քայլ էր, որովհետև դեռևս մինչև բազայի ավարտը կար ժամանակ` 10 տարի, և որևէ նախադրյալ չկար այդ պայմանը երկարաձգելու: Դա անվստահության դրսևորում էր միմյանց նկատմամբ, այդ առումով անընդունելի է երկարացումը: Էս պահին կա բազա, որն իր ֆունկացիաներն է կատարում, երբ այդ ժամկետը լրանալու կլիներ, կարելի էր նստել, քննարկել պետք է երկարացնել, քանի տարով և այլն, և դա ավելի թափանցիկ էր պետք անել` Ազգային Ժողովում պետք է այդ քննարկումները ծավալվեին»,- նշել է Արզումանյանը: