Home / Հայաստան / Պահանջեցին Սերժ Սարգսյանին. ակցիա նախագահականի մոտ (թարմացված)

Պահանջեցին Սերժ Սարգսյանին. ակցիա նախագահականի մոտ (թարմացված)

14:25  «Բանակն իրականում» նախաձեռնությունը հայտարարեց, որ հաջորդ ակցիան կայանալու է հոկտեմբերի 20-ին: Առավոտյան ժամը 11:00-ին ՀՀ կառավարության շենքի մոտից ակցիայի մասնակիցները պատրաստվում են երթով շարժվել դեպի նախագահական նստավայր:

14:14 Ակցիայի մասնակիցները պահանջում էին, որպեսզի Սերժ Սարգսյանն իջնի իրենց հետ հանդիպելու: Քանի որ դա տեղի չունեցավ, զոհված զինծառայողների ծնողները անցան փողոցը, և մի քանի րոպե կանգնելով Բաղրամյան պողոտայի կենտրոնում և կանգնեցնելով երթևեկությունը, շարժվեցին դեպի դիմացի մայթ:

14:00 Մարդիկ վանկարկում են` «մարդասպաններ», «մարդասպաններ»: ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին հայտարարեց, որ ակցիայի վայրում ներկա կարմիր բերետավորներից մեկը զենք է կրում, որը թաքցրել է հագուստի տակ, մինչդեռ, ակտիվիստի խոսքով, հանրային վայրում հանրային միջոցառման ժամանակ, իրենք իրավունք չունեն զենք կրել: Լրագրողները ոստիկանին հարցնում են, թե արդյոք վերջինս զենք ունի` պահանջելով ցույց տալ այն, սակայն ոստիկանները չեն պատասխանում ոչ մի հարցի և ժպտում են: Epress.am-ի թղթակցի հարցին ի պատասխան` ոստիկանների գործողությունները ղեկավարող անձանցից մեկը միայն ասաց, որ իր անունն է Արթուր Ալբերտի Տեր-Պողոսյան, և ինքը երրորդ գումարտակի հրամանատարն է:

13:45 Դարպասի մոտ կանգնած ծնողներին մոտեցել է ՀՀ ՊՆ փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի օգնականը` Վարդան Ղուկասյանը, ով առաջարկել է նրանց մասնակցել այս պահին Զինդատախազությունում անցնող կոլեգիայի նիստին, որտեղ ներկա են տարբեր գործերով զբաղվող քննիչները: Ծնողները հրաժարվում են գնալ` նշելով, որ իրենք «այդ ամենով արդեն անցել են», և շարունակում են բողոքի ակցիան նախագահականի դարպասների մոտ: Ղուկասյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներից խնդրել է վերջիններիս տվյալները, որպեսզի հրավիրի զոհված զինվորների ծնողների մասնակցությամբ Զինդատախազությունում կայանալիք բաց քննարկմանը:

13:35 Այս պահին նախագահական նստավայրի մոտ մոտ 2 տասնյակ ակտիվիստներ նստած են գետնին` թիկունքով դեպի նախագահական: Նրանց հետևում կանգնած են մի շարք ակտիվիստներ պաստառներով` դեմքով դեպի նախագահի նստավայր: Նրանց հետևում երկու պատ են կազմել ոստիկանական ուժերը, իսկ անմիջապես դարպասների մոտ կանգնած են ակցիայի մի քանի մասնակիցներ, ովքեր կարողացել էին հասնել այդտեղ մինչև ոստիկանների պատ կազմելը:

13:10 Մարդիկ հավաքվել էին Բաղրամյան պողոտայի վրա` նախագահական նստավայրի դիմացի մայթին: Ակցիայի մեկնարկից քիչ անց նրանք ճեղքեցին ոստիկանական պատը և, անցնելով փողոցը, մոտեցան նախագահական նստավայրի դարպասներին: Ոստիկանները փորձում էին թույլ չտալ դա անել` մինչև իսկ հրելով և քաշքշելով զինվորների հարազատներին, սակայն վերջիններս անցան փողոցը:

13:00 «Բանակն իրականում» նախաձեռնության կողմից այսօր ՀՀ նախագահի նստավայրի մոտ կազմակերպված ակցիային մասնակցում է 100-ից ավելի մարդ:

Ակցիային ներկա էին բանակում տարբեր տարիներին զոհված զինծառայողների ծնողները, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը,  Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Միքայել Դանիելյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ակտիվիստներ, գրողներ և լրագրողներ, որոնց մի մասը չի լուսաբանում ակցիան, այլ պարղզապես եկել է մասնակցելու: Նշենք, որ ակցիայի մասին որոշումը «Բանակն իրականում» խումբը կայացրել է երեկ երեկոյան, երբ հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 13-ին Իջևանի զորամասերից մեկում զոհվել է 21-ամյա Արամ Մելքոնյանը: Նա վերջին 5 օրերի ընթացքում բանակում զոհված 3-րդ զինծառայողն է եղել: