Home / Հայաստան / Ռուբեն Հայրապետյանը Հայաստանի հավաքականի մարզչի համար առաջարկ ունի

Ռուբեն Հայրապետյանը Հայաստանի հավաքականի մարզչի համար առաջարկ ունի

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կշարունակի աշխատել ազգային ընտրանու հետ: Այս մասին երեկ «Լրացուցիչ ժամանակ» հաղորդման եթերում հայտարարել է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

«Քանի դեռ ես Ֆեդերացիայի նախագահ եմ, Վարդան Մինասյանը աշխատելու է ինձ հետ», – ասել է Հայրապետյանը:

Նա նշել է, որ շատ կուզենար, որ Մինասյանը գլխավորեր ազգային հավաքականը՝ հրաժարվելով «Փյունիկից», որի գլխավոր մարզիչն է հանդիսանում համատեղության կարգով:

Սակայն, Հայրապետյանի խոսքով, դա շատ բարդ խնդիր է, քանի որ «Փյունիկն» ազգային հավաքականի համար բազային թիմ է հանդիսանում և պատրաստում է նոր ֆուտբլիստներ, իսկ նման պարագայում Վարդան Մինասյանի դերը «Փյունիկում» շատ կարևոր է:

ՀՖՖ նախագահն ընդգծել է, որ համատեղելու հարցը դեռևս Վարդան Մինասյանի հետ չի քննարկել, սակայն պատրատսվում է նրան նոր սխեմա առաջարկել, համաձայն որի Մինասյանը կնշանակվի «Փյունիկի» բոլոր թիմերի համակարգող գլխավոր մարզիչ, ով պատասխատու կլինի ողջ ակումբի քաղաքականության և կադրերի պատրաստման համար, իսկ «Փյունիկի» գլխավոր թիմն իր մարզիչը կունենա:

Հաղորդման ընթացքում Հայրապետյանը նշել է նաև, որ հավաքականի վետերաններ Սարգիս Հովսեփյանի և Ռոման Բերեզովսկու ազգային ընտրանուց հեռանալու լուրերը չեն համապատասխանում իրականությանը, և «նրանք խաղալու են այնքան, որքան ժամանակ ցանկություն կունենան շարունակել կարիերան»: Հայրապետյանը նշել է, որ այդ ֆուտբոլիստները կմասնակցեն նաև Աշխարհի 2014 թվականի գավաթի եզրափակիչ փուլին: